Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա
Հայաստանի տարածքն առանձնանում է կլիմայական պայմանների մեծ բազմազանությամբ, հանդիպում են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները՝ չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձրլեռնային։Հայաստանին բնորոշ են բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ:
Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Խիստ խոցելի է կլիմայի փոփոխության մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։
Կլիմայական մոդելների հաշվարկների համաձայն՝ մինչև 2100 թվականը Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ շուրջ 4,7°C-ով, իսկ տեղումների քանակը նվազել մոտ 8,3 %-ով։ Այս փոփոխությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ կլիմայից կախված տնտեսության ճյուղերի, բնական էկոհամակարգերի և ջրային ռեսուրսների վրա։
Կանխատեսումների համաձայն՝ կլիմայի փոփոխության հետևանքով լանդշաֆտային գոտիների սահմանները կտեղափոխվեն դեպի ավելի բարձր լեռնային գոտիներ: Սպասվում է նաև անտառների ստորին սահմանի բարձրացում։
Բացի այդ, սպասվում է հողերի և բնական արոտավայրերի դեգրադացիա, արոտավայրերի ընդհանուր մակերեսի և բերքատվության կրճատում, խոտհարքների բերքատվության նվազում և կերարտադրության ծավալների կրճատում։
Հայաստանը բախվում է նաև ջրային լարվածության բարձր մակարդակի, ինչպիսին է գերջրառը: Երկրի տնտեսության մեջ ջուրն առանցքային դեր է կատարում գյուղատնտեսության ոլորտում, նաև անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության և մետաղների ու հանքանյութերի արտադրության համար։
2026թ-ի գարնանը և ամռան սկզբում դիտված ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերի աճը չնայած օգնում են ջրային պաշարների համալրմանը, նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի ծավալը, ինչպես նաև նպաստում են ընդհանուր հիդրոլոգիական իրավիճակի բարելավմանը, միաժամանակ ավելացնում են հանկարծակի հեղեղումների և սելավների հնարավորությունները։
Մասնագետների պնդմամբ զգայունությունը եղանակային կտրուկ փոփոխությունների նկատմամբ շատ բարձր է, ինչը պահանջում է շարունակական մոնիթորինգ և ռիսկերի կառավարում:
Ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե՛ բնության, թե՛ տնտեսության վրա, ուստի անհրաժեշտ է ժամանակին միջոցներ ձեռնարկել այդ ազդեցությունները մեղմելու և հարմարվելու համար։
