Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

24 փետ 2021 14:21

Փաշինյանի կուսակցությունում ցանկանում են ստուգել ռուսական սպառազինության որակը

Երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 4 ժամ տեւած հարցազրույցը, որը երկու մասի էր բաժանվել, Հայաստանի ազգային անվտանգությանը մեծ սպառնալիք է ներկայացնում: Այս մասին փետրվարի 24-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով պետության նախկին ղեկավարի որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Իսկանդերների» առումով:


Նիկոլ Փաշինյանի համախոհի կարծիքով՝ Սարգսյանն իր հարցազրույցում մտքեր է հայտնել, որ վաղ թե ուշ օգտագործվելու են Հայաստանի դեմ: «Սա անպայման կօգտագործեն մեր դեմ, քանի որ Սերժ Սարգսյանը մեր երկիրը ղեկավարել է նվազագույնը 10 տարի եւ հասցրել է եւս մի քանի օր լինել վարչապետ»,- մերկապարանոց ասաց Քոչարյանը:


Ընդ որում՝ նա հրաժարվեց պարզաբանել՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ հայկական կողմն արդյոք օգտագործե՞լ է «Իսկանդերներ», թե՞ ոչ, չնայած հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը փետրվարի 23-ի իր աղմկահարույց հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը սպառազինության այս տեսակը կիրառել է, սակայն արդյունավետությունը չափազանց ցածր է եղել: «Ես չգիտեմ, թե ինչ ուղղությամբ է «Իսկանդեր» կիրառվել: Ես չեմ հաստատի եւ չեմ հերքի այդ զենքի կիրառման փաստը: Ես արդեն ասել եմ, որ դա չի կարելի անել»,- ասաց խորհրդարանականը՝ հավելելով, որ «Իսկանդերների» աշխատունակության մասին Փաշինյանի հայտարարությունը ուսումնասիրության կարիք ունի:


Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանում պետք է ուսումնասիրության ենթարկեն ոչ միայն Ռուսաստանից ստացված «Իսկանդերները», այլ նաեւ երկրի կողմից 15 տարվա ընթացքում ձեռք բերված այլ տեսակի զենքերը: «Մենք պետք է հասկանանք` դա ճի՞շտ որոշում էր, թե՞ ոչ, աշխատո՞ւմ են, թե՞ ոչ»,- պարզաբանեց Փաշինյանի կողմնակիցը:


Հարցին`արդյո՞ք գործող կառավարությունը Զինված ուժերում ստուգումներ է իրականացրել այս բոլոր համակարգերի մարտունակության մասով, պատգամավորը խոստովանեց, որ` ոչ, քանի որ ոչ ոքի մտքով անգամ նման կասկածներ չէին կարող անցնել, հատկապես` «Իսկանդերների» մասով:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ, իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, «Իսկանդերները» հայկական կողմից օգտագործվել են Ղարաբաղում պատերազմի միայն վերջին օրերին, եւ դրանցից կրակել են Շուշիի վրա, որտեղ դեռ հայ զինվորականներ կային:


Ի պատասխան` Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին տված իր հարցազրույցում ասել էր, որ Սարգսյանը պետք է բացատրի, թե «ինչու «Իսկանդերի» հրթիռները չեն պայթել կամ միայն 10 տոկոսով են պայթել»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր