Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

27 փետ 2021 19:30

Ոչ մի կարգավիճակում և ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ՌԻԱ նովոստի»-ին պատմել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշման, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին:


Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության աստիճանը և իրավիճակը Արցախում,  հարցազրույցի ամենասուր դրվագներում «ՌԻԱ նովոստի»-ին հրապարակել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը: Գործակալությունը հայտնում է, որ նախարարի հետ հարցազրույցը հայցել էր դեռ հունվարին՝ նախքան Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, բայց հարցերի պատասխաները ստացել է նախորդ ուրբաթ օր:

- Ապագայում ինչպե՞ս է Երևանը տեսնում Արցախի կարգավիճակը, և բանակցային որ ձևաչափի շրջանակներում պետք է որոշվի` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Երևանը դիտարկո՞ւմ է նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշված սահմաններում Արցախի, որպես անկախ պետություն ճանաչելու տարբերակը:

- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առարկան ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հատատումն ու բոլոր ռազմական գործողությունների դադարեցումն է, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս հայտարարությունն, ըստ էության, նախանշում է ընդունման պահին առկա իրավիճակը` նկատի ունենալով, որ արցախյան  հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ:

Գտնում ենք՝ միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել մի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կբերի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում: Եվ այդ կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի, Արցախի կարգավիճակի որոշումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող բռնի ուժով ճնշվել կամ սառեցվել: Հայաստանը հանդես է եկել և կշարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքները ճանաչելու դիքերից: Ոչ մի կարգավիճակում և ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախը որպես Ադրբեջանի մաս, կնշանակի առանց հայերի Արցախ:

Բոլորս հիշում ենք 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում կազմակերպված էթնիկ զտումները, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ: Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի ողբերգական իրադարձությունների 33-րդ տարելիցը: Սումգայիթյան իրադարձությունները և դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի ունեցան «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում կատարվել են ադրբեջանական բանակի կողմից գրավված Արցախի տարածքներում, մասնավորապես՝ Հադրութի շրջանում, վառ վկայությունն են այն բանի, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը իր պատմական հայրենիքում:

Կարգավորման ձևաչափի վերաբերյալ մենք բազմիցս նշել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում պետք է հասնել հակամարտության վերջնական քաղաքական լուծմանը: Այս առումով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն է՝ խաղաղ կարգավորման առանցքային խնդիրները դեռ լուծված չեն: Այս կարծիքը լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարծիքի հետ, որը նույնպես հստակ ամրագրված էր 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ:

Արցախի դեմ ագրեսիան, ուժի կիրառումը որպես հակամարտության լուծման մեթոդ մարտահրավեր է ողջ համաշխարհային հանրությանը, ինչպես նաև խարխլում է միջնորդական ջանքերն ու համանախագահների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հեղինակությունը: Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կղեկավարեն խաղաղության գործընթացը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախը որպես անկախ պետություն ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին: Այսօր մեր օրակարգում հենց խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու խնդիրն է, որի արդյունքում հնարավոր կլինի մեր տարածաշրջանում ապահովել  երկարաժամկետ անվտանգություն և կայունություն:

(Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգ դուրս գա», քանի որ «այդ հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատմանը»,- նախարարարի պատասխանին Ադրբեջանի դիրքորոշման մասին հավելել է «ՌԻԱ նովոստի»-ին):

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր