Կրեմլին բավարարում են հայտարարությունները, որ Փաշինյանին սխալ են զեկուցել «Իսկանդերի» մասին

Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» կամ «10 տոկոսով պայթած» հրթիռների մասին: Նա այդպես էր արձագանքել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե հայ զինվորականները կարող էին «Իսկանդեր»-ն օգտագործել ռազմական գործողությունների հենց սկզբում: Երկուշաբթի «Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով վարչապետի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը եւ «առկա փաստերի եւ տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ է զեկուցվել տվյալ իրավիճակի մասին»:
Ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի անզգույշ խոսքերից հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց: Ըստ ԶԼՄ-ների` Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը ծաղրել էր վարչապետին, ինչի համար նրան հեռացրեցին աշխատանքից, ինչից հետո աշխատանքից ազատվել առաջարկվեց նաեւ գլխավոր շտաբի պետին: Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն են տարածեցին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա հեղաշրջման փորձ համարեց եւ կոչ արեց իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը բարիկադներ կառուցեց եւ վրանային ճամբար խփեց խորհրդարանի մոտ, նրանք հակված չեն բանակցել իշխանությունների հետ եւ դեռ պահանջում են վարչապետի հրաժարականը: