Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 մար 2021 12:18

Խանութներ՝ Անկարայի հայկական գերեզմանատան վրա. Փայլանին թույլ չեն տվել մտնել տարածք

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա: Այս մասին հայտնում է Bianet-ը:

Առաջինը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղն էր մարտի 10-ին ահազանգել այն մասին, որ մայրաքաղաքի պատմական Ուլուս թաղամասում խանութներ են կառուցելու պատմական հայկական գերեզմանատան վրա: Մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր. «Գիտական աղբյուրներում ասվում է, որ այս տարածքը եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանատուն: Անօրինական փորման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանի կողմից տարվել են ուսումնասիրման: Չնայած այս ամենին՝ այս տարածքում շինարարության շարունակումը մեծ անարգանք է անատոլիական հողերում բազմամշակութայնության նկատմամբ: Սա բարբարոսություն է, մարդու իրավունքների ոտնահարում»:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բարձրացրել էր մեջլիսում: Նա հարցում էր արել Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումին՝ նշելով, որ թեպետ շինարարության ժամանակ այդ տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, սակայն շինարարական աշխատանքները չեն կասեցվել: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչու չի դադարեցվում շինարարությունը, արդյոք TOKİ-ն տեղյակ է, որ այդպիսով ոչնչացնում է Անկարայի մշակութային հարստությունն ու քաղաքային հիշողությունը, և ինչու է բետոն լցվում հայերի ոսկորների ու մշակութային հարստության վրա: Նախարար Մուրադ Քուրումը դեռևս չի արձագանքել Փայլանի հարցմանը:

Մարտի 16-ին հայ պատգամավորը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահի և մի խումբ այլ անձանց հետ ցանկացել է տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել տարածք: Արդյունքում Փայլանը ստիպված է եղել արգելապատնեշների մոտ հանդես գալ հայտարարությամբ՝ ասելով. «Այս վայրը հայերի գերեզմանատունն է եղել: Այս հողերում ապրող հայերը արտաքսվել են այստեղից: Անարգանքի են ենթարկվել ոչ միայն ապրողները, այլև մահացածները: Այստեղ ապրած հայ ժողովուրդն իր սիրելիներին աղոթքներով թողել է հանգչելու այստեղ՝ շիրմաքարեր դնելով: Իսկ հիմա շիրիմների վրա բետոն է լցվում: Ո՞ր խիղճը կարող է ընդունել սա»:

Զարմանք արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ իրենց արգելվում է մուտք գործել տարածք՝ Փայլանը նշել է, որ այդտեղ անօրինական շինարարություն է իրականացվում, քանի որ չկան համապատասխան թույլտվություններ: «Ես պահանջում եմ, որ րոպե առաջ կանգնեցվի այս անօրինական շինարարությունը, կասեցվի հայ ժողովրդի շիրիմներին բետոն լցնելը: Խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը և առաջին հերթին Անկարայի բնակչությունը պետք է կանգնեցնեն հայկական գերեզմանի վրա բետոն լցնելը: Անկարայի ժողովուրդը արժանի չէ նման անարգանքի»,- հայտարարել է Փայլանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր