Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 մար 2021 11:32

Հայաստանը կորցրեց ինչ հնարավոր էր կորցնել,հիմա էլ եթե ինչ-որ բան ստանալու են, դա կլինի Ղարաբաղի հայերի համար, այլ ոչ թե` Երևանի

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները վերջին արցախյան պատերազմում ստանդարտ կերպով էին զարգանում, բարդություններ չեն եղել` չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք անհասկանալի հայտարարություններին, որոնք Մոսկվայի գրգռվածությունն ու զգուշությունն էին առաջացնում:


Tert.am-ի հետ զրույցում նա, սակայն նկատեց, որ դրանով հանդերձ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ չի եղել ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո:


«Ռուսաստանը, հայտնի է, ակտիվորեն կատարում էր միջնորդի դերը, նրա միջնորդությամբ ստորագրվեց կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնությունը»,-ասաց նա:


Անդրադառնալով նրան, թե կողքից ինչ տպավորություն է ստեղծվում, որոնք էին պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները, Տարասովը նշեց, որ դժվար է դրանց անդրադառնալը:


«Հիմա պարզվեց, որ հայկական կողմը պատրաստ չէր պատերազմին, հայաստանյան ռազմական փորձագետներն էլ են նշում, որ չէր զբաղվում ռազմական միջոցների համալրմամբ: Իհարկե, դժվար է ասել, թե ով է կրում պատասխանատվություն այդ ամենի համար: Գուցե կարելի է ասել, որ մեղավորները նրանք են, որոնք վերջին 10-15 տարիներին զբաղեցրել են Հայաստանի ղեկավարի պաշտոնը»,-ասաց նա:


Ռուսաստանցի վերլուծաբանը միաժամանակ նկատեց, որ պետք է ամեն դեպքում, ուշադրություն դարձնել ՀՀ ներկայիս վարչապետի արարքներին, որը չգիտես ինչու, պատերազմի ժամանակ որոշել էր ազատել բանակում փորձառու զինվորականներին` սպաներին: Ըստ նրա` դա մեծ սխալ էր:


«Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պարզապես վախենում էր բանակից, թերևս, հայաստանյան ղեկավարության համար ոչ այդքան խնդիր էր Ադրբեջանի հետ կռվելը, որքան իշխանությունը պահելը»,-ասաց նա:


ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելով և, որպես միջնորդ, կարգավորման գործընթացում ամենաակտիվը լինելով, Տարասովի խոսքով, Ռուսաստանը ոչ մի այլ նպատակ չի հետապնդում, քան խաղաղություն հաստատելը:


«Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը, բացի այդ, Ռուսաստանը կատարեց իր պատմական առաքելությունը` հերթական անգամ փրկեց Ղարաբաղի հայերին: Եթե Ռուսաստանը չլիներ, ապա այս հակամարտության ընթացքում Ստեփանակերտի գոտում վաղուց արդեն հայեր չէին լինի: Հնարավոր եղավ պաշտպանել տարածքի 56 տոկոսը, դա արդեն լավ է, բացի այդ, Ղարաբաղյան հիմնահարցը դեռ չի լուծվել, դեռ որոշվելու է նրա կարգավիճակը: Բայց ամենակարևորն այն է, որ կանգնեցվել է արյունահեղությունը, և ստեղծվել են նախապայմաններ խաղաղ կարգավորման գործընթացին վերադառնալու համար»,-ասաց նա` միաժամանակ նշելով, որ, իհարկե, խաղաղ կարգավորմանը հասնելուն դեռ երկար ժամանակ կա:


Իսկ թե ինչ ձևաչափում պիտի համաձայնություններն իրագործվեն, Ռուսաստանցի փորձագետը դժվարացավ ասել, ըստ նրա, դեռ շուտ է այդ մասին խոսելը:


«Հիմա որևէ ձևաչափում երկու կողմերի համար էլ դժվար է համաձայնության գալը: Դեռ ժամանակ է պետք: Նաև տնտեսական իրավիճակը որոշ հարցեր կլուծեն: Կգա ժամանակ, երբ ոչ ոքի համար ձեռնտու չի լինի պատերազմելը, բայց դրան դեռ հասնել է պետք, պետք է դեռ որոշակի ուժեր գործադրվեն դրա համար: Բայց գլխավորն այն է, որ պատերազմ չլինի, և դրա համար նախապայմաններ արդեն կան»,-ասաց նա:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին` Ստանիսլավ Տարասովը նշեց, որ դա պետք է որոշվի ցանկացած ձևով: Ըստ նրա` հիմա ուրվագծվում է, որ կա ցանկություն դրան առանձնակի կարգավիճակ տալու:


«Ադրբեջանը գուցե գնա նաև Ղարաբաղի ճանաչմանը: Դրա համար, իհարկե, պետք են նաև նախապայմաններ, որոշակի քաղաքական փոփոխություններ»,-ասաց նա:


Ո՞ր դեպքում պատերազմում պարտություն կրած Հայաստանը կարող է ստանալ այն, ինչ ցանկանում է: Տարասովն այս հարցին հետևյալ կերպ պատասխանեց. «Կարծում եմ` Հայաստանը կորցրեց ինչ հնարավոր էր կորցնել: Հիմա էլ եթե ինչ-որ բան ստանալու են, ապա դա կլինի Ղարաբաղի հայերի համար, այլ ոչ թե` Երևանի»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր