Տավուշի մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին ու կեղծ լուրեր տարածողներին. դուք մի այսպիսի հայտարարությամբ ամբողջ մի պատը քանդում եք

Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այդ լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը:
«Հիմա անուններ չեմ տա, բայց մենք դիմել ենք դատարան, որպեսզի նմանատիպ տեղեկատվություն տարածողներն իմանան, որ պետք է լինի նաև պատասխանատվություն: Ես նշեցի միայն տնտեսական մասը, բայց պետք չէ մոռանալ, որ այդտեղ ապրում են իրական մարդիկ, այդ մարդիկ տասնամյակներ ապրել են իրական պատերազմական վիճակում, իրական վտանգի տակ, և չի կարելի այդ մարդկանց հաշվին պոպուլիստական բաներ անել»,- ասաց Չոբանյանը:
Եվ այդուհանդերձ, լրագրողների հարցապնդումների արդյունքում Չոբանյանը հաստատեց՝ հայցի մեջ նշված է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը:
«Այո, ինչպես նշել եմ իմ հայցի մեջ, խոսքը վերաբերում է նաև Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որից հետո եղել են նաև հրապարակումներ տարբեր տեղերում, և հայցը մասնավորապես ներկայացվել է Հրանտ Բագրատյանի դեմ»,- ասաց Չոբանյանը:
Նրա խոսքով, եթե ներդրողը լսում է, որ այն տարածքը, որտեղ ինքը ծրագրում է ներդրումներ անել, զիջվում է թշնամուն, կամ որ այդ տարածքներում, իբր, այսօր էլ ադրբեջանցիներ կան, որոնք տեղացիներից պահանջում են իրենց գոմերն այլ տեղ կառուցել, ներդրողը հրաժարվում է այդ տարածքում ինչ-որ բան կառուցելու գաղափարից։
«Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, մենք հատիկ- հատիկ քարերով ամրոց ենք կառուցում, իսկ դուք մի այսպիսի հայտարարությամբ ամբողջ մի պատը քանդում եք»,- ասաց Չոբանյանը:
Թե որքան վնաս են հասցրել մարզին նման լուրերը, մարզպետը չցանկացավ գնահատել՝ ասելով, որ տնտեսական վնասն անհամեմատելի է այն հոգեբանական վնասի հետ, որ այդ լուրերը հասցրել են մարզի յուրաքանչյուր բնակչի: