Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

21 մար 2022 12:05

Պատրաստ լինել պատերազմի.մեր ինքնությունն ու ցեղը պահելու միակ գրավականը զենքերը վար չդնելն է

Թագուհի Մելքոնյանի սյունակը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դարձյալ հայտնվել է համացանցի հայ օգտատերերի թիրախում, երբ հայտարարել է, թե Ադրբեջանը ապրիլ-մայիսին կարող է լայնամասշտաբ հարձակման անցնել։ Նախկին վարչապետն ասել է մի բան, որի մասին  պարբերաբար խոսում են հայտնի և անհայտ քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողները, բլոգերները։ Ռազմական փորձագետներից և քաղաքագետներից ոմանք դեռևս 44–օրյա պատերազմի ավարտից հետո էին կանխատեսում, որ Ադրբեջանը չի սպասի Արցախում ռուսական զորակազմի տեղակայման հնգամյա ժամկետի ավարտին և մինչ այդ կփորձի նոր էսկալացիայի դիմել, իսկ որոշներն էլ, այդ թվում նախկին վարչապետ Բագրատյանը, աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված՝ Ադրբեջանի հնարավոր հարձակման կոնկրետ ժամկետներ են նշում։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ դառնալ, որ Ադրբեջանն անցնի հարձակման հենց այս փուլում։ Մի կողմ թողնելով նման կանխատեսման հիմքում եղած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, պատերազմ վերսկսելու հավանականությունը, Հայաստանի՝ նման սցենարին պատրաստ լինել-չլինելու հարցը, փորձենք հասկանալ, թե ինչու՞ մարդիկ չեն ցանկանում լսել մոտալուտ վտանգի մասին կանխատեսումները, ավելի կոնկրետ՝ հենց Հրանտ Բագրատյանին։

Առաջին և հիմնական պատճառն այն է, որ շատերը (հիմնականում իշխանություններին սատարողները), հաշվի առնելով նախկին վարչապետի ընդդիմադիր, սուր հայացքները, նրան ասոցացնում են «նախկիների» հետ, թեև ինքը՝ Բագրատյանը, երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել ո՛չ Սերժ Սարգսյանի, և ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։

Պատճառներից մեկն էլ այն է, որ նման մի միտք փորձառու քաղաքական գործիչը հնչեցրել էր դեռևս 44 օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ հայտարարելով. «Եթե ես լինեի Ալիևի տեղը՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա»։ Այս անզգույշ և կտրուկ ձևակերպումը այն ժամանակ գումարվեց «Շոշի դիրքերը լքած գեներալի», «ՀՕՊ միջոցներն «անջատած» նախկին նախագահների մասին» արհեստական և էժանագին խոսակցություններին և հետագայում հիմք հանդիսացավ, որպեսզի իշխանական քարոզչամեքենան պատերազմի և պարտության մեղքն իր վրայից սահուն գցի ընդդիմության կամ, ինչպես փաշինյանականներն են սիրում ասել, նախկինների գրպանը՝ հեշտությամբ ազդելով ցածր իրավագիտակցություն ունեցող զանգվածների զգացմունքների վրա։ Այդ հայտարարությունից հետո Բագրատյանին համեմատեցին Պետրոս Գետադարձի հետ, նրան համարեցին ապազգային և «գցեցին» մերժվածների սև ցուցակը։ Մինչդեռ Բագրատյանը, նախքան այդ միտքը հնչեցնելը, խոսել էր Փաշինյանի իշխանության անփառունակ կառավարման մասին և հայտարարել, որ երկիրը կորոնավիրուսի ճգնաճամից դուրս բերելուն զուգահեռ պետք է պատրաստվենք, հավանաբար, աշնանը սկսվող պատերազմին։

Թե ինչպես էին մեր իշխանությունները «պատրաստվում» պատերազմին՝ բոլորին է հայտնի։ Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմից մեկ ամիս առաջ պարծենում էր հայոց բանակում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումներով, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության սթափ եւ ճշգրիտ գնահատմամբ, շատ չանցած՝ Հայաստանին և Արցախին ներքաշեց անհավասար պատերազմի մեջ, որը կանգնեցնելու փրկագինը հայրենիքի մի մասի և հազարավոր երիտասարդների անդառնալի կորուստն էր։ Երբ Ադրբեջանը բաց տեքստով խոսում էր ուժի կիրառման, իր «տարածքային ամբողջականության» վերականգնման մասին, հոխորտում Շուշին, Ստեփանակերտը, Սյունիքն ու Սևանը գրավելու մասին, «Բայրաքթարներ» ու վարձկաններ ձեռք բերում՝ մեր երկրի ղեկավարը, իսկ պատերազմի ժամանակ արդեն մեր գերագույն հրամանատարը ո՛չ թե Հրանտ Բագրատյանն էր կամ Վազգեն Մանուկյանը, այլ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Համաձայնեք՝ պարզամիտ և զավեշտալի է Բագրատյանին մեղադրելը Ալիևին պատերազմ հրահրելու կամ Արցախում պատերազմ սկսել «հուշելու» համար, երբ երկրիդ ղեկավարն իր հակասական հայտարարություններով, ոչ կոմպետենտ քայլերով, տավուշյան մարտերի հաղթանակը ուռճացնելով, Ալիևին «թասիբի գցելով» վաղուց էր սրել առանց այն էլ  պայթյունավտանգ իրավիճակն ու արագացրել թշնամու պլանների իրագործումը։ 

Հրանտ Բագրատյանին, լավագույն դեպքում, կարելի է մեղադրել հոռետես լինելու և ուղիղ տեքստով խոսելու համար, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում՝ ուղիղ խոսքը միայն էշին են ասում։ Բայց համաձայնեք, որ իր խղճի, ժողովրդի ու պետության առաջ նախկին վարչապետն ազնիվ է։ Նրա կենսագրությունում գոնե պարտության ու ամոթալի կապիտուլյացիայի մասին տվյալներ չկան։ Ընդհակառակը, Բագրատյանի՝ վարչապետ եղած ժամանակահատվածում մենք շարունակում էինք հաղթել Ադրբեջանին և իրար հետևից ազատագրել հայկական հողերը։ Ու հիմա, երբ պատերազմում հաղթած, ճգնաժամեր հաղթահարած նախկին Հայաստանի նախկին վարչապետը զգոնության կոչ է անում մեր ժողովրդին և զգուշացնում նոր արհավիրքի մասին, նրան ծաղրելը, պիտակավորելը, հեգնելն ու հայհոյելը, մեղմ ասած, «շանտղություն» է։

Զարմանալիորեն, արցախցիների նկատմամբ ատելություն ու թշնամանք սերմանող, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ իշխանության տարբեր օղակներից հնչող հայտարարություններն այնքան չեն վրդովեցնում մեր հանրությանը, որքան հնարավոր վտանգների մասին Բագրատյանի կանխատեսումները։

Տպավորություն է, որ եթե Բագրատյանը կամ մեկ ուրիշը  չխոսեն հնարավոր նոր պատերազմի մասին, Ադրբեջանը չի համարձակվի նոր սադրանքների դիմել սահմանին, Արցախ մտնող գազատարի վթար չի կազմակերպի, ադրբեջանական զորքը հետ կքաշվի Ներքին Հանդից, Սև լճից կամ էլ Հայաստանն ավելի արագ և անցնցում կթևակոխի «խաղաղ զարգացման դարաշրջան»։ Իսկ իրականում, ո՛չ Բագրատյանը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ մտավորականները կամ  հասարակության հեղինակությունը վայելող որեւէ  գործիչ ի զորու չէ այսօր մեր ժողովրդին հանել «արխայինության» ու անհույս լավատեսության թմբիրից։

Ողջ երկիրն ու ժողովուրդը կարող է սթափվել միայն այն դեպքում, երբ իրական վտանգը չոքի մեր դռանը՝ «Բայրաքթարի», կասետային ռումբի կամ էլ թուրքական ներդրումային թակարդի տեսքով։ Իսկ երկիրը չկորցնելու և մի ողջ սերունդ չզոհելու այլընտրանքը պատերազմին միշտ պատրաստ լինելն է։ Այս տարածաշրջանում գոյատևելու, մեր ինքնությունն ու  ցեղը պահելու միակ գրավականը զենքերը վար չդնելն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր