Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

31 մար 2021 17:38

Բայդենը կարող է Հայաստանին և Ադրբեջանին օգնել խաղաղություն հաստատել. Foreign Policy

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հրատարակությունն անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի դադարեցման նպատակով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական խնդիրներին և դրանցում ԱՄՆ նոր վարչակազմի դերակատարմանը:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի թղթակից, 2013-ից 2017 թվականներին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերի հոդվածը, որը տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունը մեծացնելու համար 4 կարևոր կետ է առանձնացրել:

«Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ներքին կարգով պնդել, որ նրանք պետք է հետևեն հայ-ադրբեջանական իրավիճակին, բայց իրենց ուժերը կենտրոնացնել այլ վայրում, և ոչ թե փորձեն դիվանագիտորեն գլխավոր դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում:

Սա, իհարկե, սխալ կլիներ: Փոխարենը, ԱՄՆ նոր վարչակազմը պետք է Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկի որպես հնարավորություն՝ ներկայացնելու ԱՄՆ լուրջ ներգրավվածության արժեքը և այն օգտագործել ցույց տալու համար նախագահ Ջո Բայդենի հանձնառությունը ժողովրդավարամետ արտաքին քաղաքականությանը, որը կենտրոնացած է համամարդկային արժեքների և մարդու իրավունքների վրա: Սա չի նշանակում, որ կտրուկ առաջընթացն ակնհայտորեն հասանելի է, քանի որ սթափ վերլուծության և արդյունքների վերաբերյալ թերահավատության համար բազում պատճառներ կան: Բայց առանց ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտության, առաջընթացի վերաբերյալ հույսը զգալիորեն ավելի քիչ է:

Ստորև ներկայացնում ենք չորս քայլ, որոնք Բայդենի վարչակազմը կարող է ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը խրախուսելու համար: Դրանք ենթադրում են երկար ճանապարհ, բայց այդ քայլերը կառուցողական ընթացք կարող են ստեղծել:

Առաջին. պետք է ճնշում գործադրել կողմերի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի իրագործման ուղղությամբ՝ անդրադառնալով հաշվետվողականության և վերականգնման հարցերին: Այս հայտարարությունը, որը, բացի պատերազմող երկրների ղեկավարներից ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կատարյալ չէ: Բայց առայժմ հրադադարի ռեժիմի պահպանման համար չկա կարճաժամկետ այլընտրանքային տարբերակ: Այն պահանջում է փոխանակել բոլոր կողմերի՝ ռազմական և քաղաքացիական գերիներին: Վստահելի աղբյուրների խոսքով՝ գերիներ դեռևս կան, և նրանց վերադարձը պետք է լինի առաջնային: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պետք է աջակցի նաև ԵԱՀԿ խմբին: Վերջինս կարող է նաև խորհուրդ տալ տարածաշրջանից տեղահանված անձանց փոխհատուցման հնարավոր մոտեցումների վերաբերյալ:

Երկրորդ. անհրաժեշտ է աջակցել մարդասիրական աշխատանքներին և վերաբնակեցման գործողություններին: Շատ հաճախ, երբ զենքերը լռում են, ուշադրությունը տեղափոխվում է այլ վայր: Տեղի բնակիչները ստիպված են լինում ինքնուրույն որոշել, թե ինչպես վերսկսել սեփական կյանքը ոչնչացված գույքով և բիզնեսով, ավերածությունների, խափանված ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների պայմաններում: Շարքային քաղաքացիներին աջակցելու գործնական աշխատանքը, երբ նրանք արդեն հարմարվում են նոր քաղաքական աշխարհագրությանը, պակաս գրավիչ է, քան ռազմական հրադադարի կամ քաղաքական համաձայնագրերի բանակցությունները, բայց հենց դա է խաղաղության հիմքը: Հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ մարդկանց հարցը չի կարգավորվել: Արդեն Ադրբեջանի կողմից վերահսկվող այս տարածքներում վերաբնակեցումը հեշտ չի լինի, և Բաքվի կոռումպացված կառավարությունը տեղական կառավարման մարտահրավերների առնչությամբ պատասխանատու կառավարման պատմություն չունի: Մինչդեռ, նոր տեղահանված հայերն անհանգստացած են հայկական կրոնական և մշակութային վայրերի ճակատագրով, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Աղբյուրը նկատում է, որ այս առումով Ռուսաստանի և Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի: Մինչդեռ միջազգային հանրությունը կարող է ինչպես արհեստավարժություն, այնպես էլ վստահելիություն ապահովել երկու կողմերի մտահոգությունները լուծելու համար: Հակամարտությունից հետո չպետք է թույլ տրվի, որ նոր դժգոհություններ երևան գան: ԱՄՆ-ն պետք է աշխատի եվրոպացիների և այլոց հետ`աջակցելու հասարակական և միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրականացնել երկրի նկատմամբ տեղական վստահության բարձացմանը և ամրապնդմանը միտված միջոցառումներ:

Երրորդ. պետք է վարել տարածաշրջանային տնտեսական զարգացման ռազմավարություն: Ապագա անդրսահմանային համագործակցությունը խթանելու ամենահավանական լծակը տարածաշրջանային տնտեսական նոր ռազմավարությունն է, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացումը, որը կարող է ներգրավել միջազգային ներդրումներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և հարևան Վրաստանի տնտեսությունների ամրապնդման համար: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը պետք է պաշտոնապես կամ ոչ ֆորմալ կերպով տարածաշրջանը ներառի բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում`հաջորդ շաբաթ մեկնարկող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովներում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պետք է աշխատի Եվրամիության և Հարավային Կովկասի երեք կառավարությունների հետ՝ տարածաշրջանային զարգացման նման շրջանակ մշակելու համար: C5 + 1 շրջանակը, որը մշակել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը (և շարունակվել Բայդենին նախորդած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից)՝ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը խթանելու համար, կարող է մոդել հանդիսանալ նոր SC3 + 2 շրջանակի համար, որում ներգրավված են երեք հարավկովկասյան երկրները, ԱՄՆ-ն և Եվրամիությունը:

Միջազգային հանրության ֆինանսական ներդրումները պետք է կապվեն կողմերի ստանձնած քաղաքական պարտավորությունների և տարածաշրջանային տնտեսական զարգացմանը խոչընդոտող վիճահարույց հարցերի լուծման գործում նրանց առաջընթացի հետ, ինչպիսիք են սահմանային անցումները և ենթակառուցվածքները: Ավելին, ցանկացած ֆինանսական օգնություն պետք է զուգակցվի էնդեմիկ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների հետ:

Չորրորդ. անհրաժեշտ է նոր կյանք հաղորդել դիվանագիտությունը: Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահին պետք է տրվի դեսպանի աստիճան: Վաշինգտոնը պետք է եռանդով առաջ մղի համանախագահների պարբերական հանդիպումները ԵԱՀԿ թիմի հետ՝ ռազմավարության գծագրման և մշակման նպատակով, որն ուղղված է այն հրահրիչների դեմ, որոնք հազվադեպ են հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց խանգարում են առօրյա առաջընթացին: Բացի այդ, Վաշինգտոնը պետք է Մոսկվայի հետ բանակցություններ սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ, որով կվավերացվի նոյեմբերի 9-ի զինադադարը և որը հիմք կհանդիսանա լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքման համար:

Դարաշրջանում, որն օր օրի ավելի շատ է պայմանավորվում աշխարհաքաղաքականությամբ, բնական միտում կա կենտրոնանալ համընդհանուր փուլի ծանրքաշայինների վրա և տեսնել մնացած աշխարհը, հատկապես փոքր երկրները՝ մեծ տերությունների մրցակցության պրիզմայից: Մեծ տերությունների մրցակցությունը պահպանվում է որպես միջազգային քաղաքականությունը հասկանալու մոդել:

Բայց դա երբեք էլ ամբողջական պատկերը չէ: Ինչպես նկատել է ամերիկացի քաղաքական գործիչ և դիվանագետ Էլեոնոր Ռուզվելտը, մարդու իրավունքները սկսվում են «տնամերձ փոքր վայրերից»: Հետևաբար, արտաքին քաղաքականությունը, որը կենտրոնացած է մարդու իրավունքների վրա, չի կարող կենտրոնանալ միայն աշխարհաքաղաքականության և ամենամեծ դերակատարների վրա: Եվ երբ աշխարհաքաղաքական մրցույթը ոչ միայն իշխանության, այլ գաղափարախոսությունների և աշխարհայացքի մրցույթ է, նույնիսկ փոքր վայրերը կարող են մեծ մարտահրավերներ դառնալ: Շատերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը անհնար են համարում: Առաջընթացը խթանելու ԱՄՆ լուրջ ջանքերը հնարավորություն կտան ցույց տալ, թե ինչ տեսք ունի արժեքներով պայմանավորված արտաքին քաղաքականությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր