Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

14 ապր 2021 15:26

Դուք ի զորու եք.Ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը,բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին՝ 2021 թվականի ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը: Այս մասին Facebook-ի իր էջում կոչով սփյուռքահայերին է դիմել ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:


Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.




«Ով Հայ Ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»․


Եղիշե Չարենց։


Սիրելի՛ սփյուռքահայեր, իմ լա՛վ բարեկամներ,


թուրք-ադրբեջանական տանդեմն ահաբեկիչ վարձկանների օգնությամբ, կիրառելով միջազգային մարդասիրական իրավունքի կողմից արգելված զենք եւ զինամթերք, պատերազմի անթույլատրելի միջոցներ ու մեթոդներ, բզկտեցին եւ անդամահատեցին երեսուն տարի մեր բոլորի ոգեւորության աղբյուրը հանդիսացող հերոսական Արցախը:


Անհավասար պայքարում ունեցանք բյուրավոր սրբազնացած հերոս նահատակներ, շուրջ տաս հազար հաշմվածներ, հարյուր հազարավոր բնավեր ու տնավեր հայրենակիցներ:


Այսօր էլ մեր դարավոր թշնամին՝ իր բարբարոս էությանը հավատարիմ, անխնա հողին է հավասարեցնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, հուշարձաններն ու գերեզմանները՝ փորձելով վերացնել հայի հետքն իր հինավուրց քաղաքակրթության բնօրրանից:


Արցախում մեր միակ ապավենը մնացել են ռուս խաղաղապահ ուժերը:


Միաժամանակ, սահմռկեցուցիչ է այն փաստը, որ հարյուրավոր հայ երիտասարդներ ու կանայք գերեվարվել են ոսոխի կողմից եւ տանջամահ են արվում ադրբեջանական բանտերում:


Վեց ամսից ավելի է անցել, սակայն Հայաստանի իշխանություններն ի զորու չեն վերադարձնել մեր հայրենակիցներին, իսկ Արեւմուտքը, ինչպես միշտ, իրեն հատուկ սառն անտարբերությամբ աչք է փակում այս դաժան իրականության առջեւ: Հիմնականում ‹‹համեստորեն›› լռում են նաեւ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները:


Սիրելի՛ հայրենակիցներ,


ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին՝ 2021 թվականի ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը, ոտքի է կանգնելու այնպես, ինչպես պատերազմի մղձավանջային օրերին, եւ տարբեր երկրներում բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու ի պաշտպանություն հայ ռազմագերիների՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձ:


Դուք ի զորու եք տարբեր երկրների իշխանություններից պահանջելու՝ ձայն բարձրացնել եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ներազդել ադրբեջանական բռնապետական ղեկավարության վրա՝ հարկադրելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին:


Դիմելով ձեզ, խնդրում եմ եւ հորդորում՝ ոտքի կանգնել եւ յուրաքանչյուրիդ ներկայությամբ մարդաշատ դարձնել բողոքի ցույցերն ու միտինգները, ոտքի կանգնել, արդարության ձայնը բարձրացնել եւ հայ ժողովրդի միասնական պահանջը ներկայացնել, ցույց տալ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Հայրենիքի շուրջ, ոտքի կանգնել՝ արթնացնելու աշխարհի քնած խիղճը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր