ԵԽԽՎ-մխխվների միջոցով Բաքվի վրա դուրս գալը հիմարություն է,պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե Բաքվի․«Հրապարակ»
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1538812744_bje-o6h5q.jpg)
Ավելին՝ պարոն Կոլերովը շատ պատկերավոր նկարագրեց իրենց պատվիրակության վիճակը, որը, իր ասելով, կանգնած է եղել իրենց շահերի և «Նավալնիի պարանը սեփական ձեռքերով իր կախաղանին» փաթաթելու հեռանկարի առաջ: Ցավոք, մեր խոսակցությունը տեղի էր ունեցել մինչև հայտնի դառնալը, որ ի սկզբանե ԵԽԽՎ բյուրոն համաձայնություն էր տվել հայ ռազմագերիներին վերաբերող հարցի՝ փաթեթով քվեարկության ներկայացնելուն, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ հարցը դրվել է առանձին քվեարկության, որին էլ դեմ և ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանի պատվիրակության անդամները: Ավելի ուշ պարոն Կոլերովի հետ կապվել չհաջողվեց, սակայն մինչ այդ այս թեմայի շրջանակում նրան հիշեցրել էինք, որ, ի տարբերություն ՌԴ-ի, 2014 և 2018 թթ. Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ղրիմում իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևի քվեարկությանը, որի բանաձևի տեքստում Ռուսաստանը քննադատության էր ենթարկվում թերակղզու բնակիչների իրավունքները խախտելու ու խտրական քաղաքականություն վարելու մեջ, Հայաստանը, հակադրվելով բանաձևի օգտին հանդես եկած 73 պետություններին, եղել էր 23 դեմերից մեկը՝ Բելառուսի ու Ռուսաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի հետ մի ճամբարում: Իսկ, օրինակ, Ղրղզստանն ու Տաջիկստանը ձեռնպահ էին մնացել, չէին քվեարկել Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Նա, ի պատասխան, ասաց. «Նորից Ձեր ուշադրությունն եմ հրավիրում՝ փաթեթով էր այդ հարցը»:
Տեղեկացել էինք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե որն է գերիների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը: Մարուքյանը հայտնել էր, թե ռուսական պատվիրակությունից իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է, առցանց են քվեարկել: Մարուքյանն առաջարկեց սպասել օրվա ելույթներին, և եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկական կողմին, կստացվի, որ տեխնիկական խնդիր էր ընդամենը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել:
Զրուցեցինք նաև Ստանիսլավ Տարասովի հետ, որը հայտարարեց. «Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե Բաքվի, իրենց հետ պայմանավորվեք: Եվ ԵԽԽՎ-մխխվների միջոցով Բաքվի վրա դուրս գալը հիմարություն է»: Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում, որ Հայաստանը «ՄԱԿ-մուկ»-երում քվեարկի այնպես, ինչպես ՌԴ-ն:
Տարասովն ի պատասխան ասաց, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են: «Դուք պատերազմել եք, դուք ունեք ռազմագերիներ: Պետք է կարողանալ պայմանավորվել Բաքվի հետ: Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին, ռուսերեն ասած, 3 տառով մի տեղ է ուղարկում: Ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին: Իսկ մենք այդ ԵԽԽՎ-ից ուզում ենք հեռանալ Ուկրաինայի պատճառով: Ու ձեր այդ նախարարը, ёлки палки, ինչ-որ մի գավառամիտ ընկեր է: Պետք է զանգել Բաքու, հանդիպել իր գործընկերոջը, ազգանունը Բայրամով էր, այնպես չէ՞... Ուղիղ պետք է հարցերը լուծել, ոչ թե ռազմագերիներին վերադարձնելու համար սկանդալներ սարքել»:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն մշտապես հանդես է գալիս արդարության առաջամարտիկի կերպարում և մշտապես Արևմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ: Ս. Տարասովի բացատրություններից հետո նրան հարցրինք՝ փաստորեն, Ռուսաստանն էլ ունի երկակի ստանդարտներ: «Ի՞նչ ստանդարտներ, Ռուսաստանի՞ ռազմագերիներն են Բաքվում: Ուրեմն՝ չեք ուզում նրանց վերադարձնել ու փոխարենը քաղաքական շոուներ եք կազմակերպում և դեռ մի բան էլ Ռուսաստանի հետ հարաբերություններ եք պարզում: Հա, ասենք թե այլ կերպ քվեարկեինք, դա ինչ-որ մի բան փոխելո՞ւ էր՝ ոչ»:
Տարասովը նաև հավելեց, որ ռուսական կողմին հայտնի չէ, թե Ադրբեջանի ինչին են պետք հայ ռազմագերիները: «Բաց թողեք այդ տղաներին, ձեր խնդիրները լուծել եք, նրանք ձեր ինչի՞ն են պետք»,-Ադրբեջանին ուղղված հարց հնչեցրեց Տարասովը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։