Կոկորդում գնդի զգացողությունը կարող է վկայել մի շարք վտանգավոր հիվանդությունների մասին
Կոկորդում գնդի զգացողությունը կարող է վկայել մի շարք վտանգավոր հիվանդությունների մասին, կարծում է թերապեւտ Իրինա Էսկովան (Ռուսաստան):
Ria.ru-ն հայտնում է, կոկորդում գունդը կարող է շատ վտանգավոր լինել, երբ խոսքը վիրուսային վարակի մասին է:
«Անգինայի դեպքում, օրինակ, բորբոքային գործընթացը կարող է հանգեցնել այտուցի, թարախակալման եւ շնչարգելություն ու շնչուղիների խցանում հրահրել։ Դա շատ վտանգավոր է»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ նման իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնության դիմել:
Կոկորդում գնդի զգացողությունը կարող է առաջանալ նաեւ չարորակ նորագոյացությունների ժամանակ, որի դեպքում դժվարանում է ոչ միայն ուտելը, այլեւ ջուր խմելը եւ նույնիսկ շնչելը:
Եթե այս զգացողության հետ մեկտեղ լուրջ քոր է հայտնվում, եւ կուլ տալը դժվարանում է, դա կարող է ինսուլտի, գանգուղեղի տրավմայի եւ տարատեսակ նեյրոինֆեկցիաների հետեւանք լինել:
Որոշ դեպքերում կոկորդում գնդի զգացողությունը աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշ է, օրինակ՝ այրոցի, խոցի եւ դիաֆրագմայի կերակրափողային ճողվածքի:
«Դիֆուզային թունավոր խպիպի դեպքում մեծացած վահանաձեւ գեղձը նույնպես կարող է սեղմել կոկորդի փափուկ հյուսվածքները: Ողնաշարի վզային հատվածի սկավառակի տեղաշարժով հիվանդությունների դեպքում կոկորդում գնդի զգացողությունը պայմանավորված է նյարդային արմատների սեղմումով: Միեւնույն ժամանակ, այն ուղեկցվում է կուլ տալու ժամանակ ցավով, որը կարող է անցնել ականջին եւ ստորին ծնոտին»,- նշել է մասնագետը:
Թերապեւտը հավելել է, որ կոկորդում գնդի զգացողությունը առավել հաճախ հայտնվում է ուժեղ նյարդային լարվածության կամ երկար ժամանակ սթրեսի դեպքում: Նորմայի վերադառնալուց հետո այս զգացողությունն անհետանում է: