Եթե ամրագրվեն սովետական սահմանները ու դիտվի տարածքային խնդիրների լուծման կոորդինատային համակարգ, կլեգիտիմացվի նաև Արցախի հանձնումը Ադրբեջանին
«Մենք զգուշացնում էինք, որ մի պարտությունը դուռ է բացում բազմաթիվ նոր պարությունների: Ով զիջումների է գնում, այդ շարքը երկարում է»,- «ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրներ. ետպատերազմյան իրավիճակ, անվտանգային հրամայականներ, ներքաղաքական հիմնահարցեր. նախընտրական զարգացումներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:
Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո թուրքերը հայտնվեցին Շուռնուխում, հիմա արդեն Սև լճի տարածքում և Վերին Շորժայում:
«Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանք, որքան էլ փորձեն դա հերքել: Ադրբեջանցիների նպատակն է լեգիտիմացնել Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև գծված վարչական սահմանը, չնայած 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանն իրեն չի համարում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց կոնկրետ այս դեպքում ձգտում է վերադառնալ այդ սահմաններին»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նա նշեց, որ սա ռիսկային է, քանի որ եթե ՀՀ-ն համաձայնվեց դրան, կանգնելու է Տավուշի մարզում ադրբեջանական անկլավների խնդրի առաջ:
«Այս դեպքում կփակվի ճանապարհը դեպի Բերդ: Եթե ադրբեջանցիները վերադառնան Վերին և Ներքին Ոսկեպար, կփավի ճանապարհը դեպի Նոյեմբերյան, եթե ադրբեջանցիները վերադառնան Տիգրանաշեն, կհայտնվեն Հայաստանի կենտրոնում: Եվ այդ ռիսկը կա:
Եթե այսօր կապիտուլյանտը, որպեսզի ապացուցի, որ խաղաղասեր է, ժողովրդին ազատել է պատերազմի ռիսկից ու եթե հանկարծ գնաց զիջման, մենք կկորցնենք Հայաստանը:
Ավելին՝ եթե ամրագրվեն սովետական սահմանները ու դիտվի տարածքային խնդիրների լուծման կորդինատային համակարգ, կլեգիտիմացվի նաև Արցախի հանձնումը Ադրբեջանին, քանի որ սովետական ժամանակաշրջանում Արցախը հանձնվել էր Ադրբեջանին»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Արթուր Խաչատրյանն ընդգծեց՝ հիմա կանգնած ենք գոյութենական խնդրի առաջ, եթե այսօր զիջենք, Հայաստանի ապագան կլինի շատ մշուշոտ:
Ըստ նրա, պատահական չէ, որ ադրբեջանցիները հիմա գրոհեցին Սև լճի, Վերին Շորժայի հատվածում:
«Դա պայմանավորված է նրանով, որ հասկանում են՝ հունիսի 20-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվելու, նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանի սահմանը, տարածքն այսպես հանգիստ բզկտեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը: