Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 մայիս 2021 11:29

«Գերի են վերցրել. Ադրբեջանն ու Հայաստանը նոր պատերազմից մեկ քայլ են հեռու». Свободная Пресса

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողի գերեվարմանը` ներկայացնելով «Գերի են վերցրել. Ադրբեջանն ու Հայաստանը նոր պատերազմից մեկ քայլ են հեռու» վերտառությամբ հոդված:

Հոդվածագիր Դմիտրի Ռոդինովը հիշեցնում է, որ մայիսի 27-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները շրջափակել և գերեվարել են  ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում սահմանային հատվածում գտնվող զորամասի տարածքում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերեվարված զինվորները որևէ դիվերսիա չեն իրականացրել և ինժեներական աշխատանքները կատարել են ՀՀ տարածքում, մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, որ կատարվածը դիվերսիա է:

Հեղինակը նկատում է, որ սա առաջին սահմանային միջադեպը չէ` հիշեցնելով, որ մայիսի կեսերից լարվածությունը պահպանվում է Սյունիքի մարզում, որտեղ ադրբեջանցի զինծառայողները փորձել են սահմանամերձ հատվածներից մեկում «սահմանների ճշգրտման» աշխատանքներ տանել: Երևանը Բաքվին մեղադրել է տարածքի ապօրինի զավթման համար` պահանջելով դուրս բերել բոլոր զինծառայողներին: Բացի այդ, հայկական կողմը խորհրդատվության համար դիմել է ՀԱՊԿ-ին:

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաճախ կարելի է լսել հայտարարություններ ՀԱՊԿ-ի անօգուտ լինելու և Երևանի` կազմակերպությունից դուրս գալու անհրաժեշտության մասին: Այսպիսով, այս անգամ ևս Երևանում ասում են, որ ՀԱՊԿ-ից հստակ արձագանք են ակնկալում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների գերեվարման կապակցությամբ: Ինչպես հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքի բացակայությունը հանգեցնում է սահմանին իրավիճակի սրացման: Կասկած չկա, որ որոշակի ուժերի կողմից հակառուսական տրամադրությունները միայն ուռճացվելու են»,-գրում է Ռոդիոնովը: 

Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի Քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ «Ռուսաստանի սպաներ» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Պերենջիևը, պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով մոտ մեկ ամիս շարունակվող լարված իրավիճակը, կարծիք է հայտնել առ այն, որ պաշտոնական Երևանը 2020թ. սեպտեմբերից ռազմական գործողությունների ամենասկզբից փորձեր է ձեռնարկում պաշտոնական Մոսկվային և ՀԱՊԿ-ին հակամարտությանն իր կողմից ներքաշելու ուղղությամբ: 

«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին` իր պետականության պահպանման երաշխիքն է: Սակայն պաշտոնական Երևանը շատ բարդ դաշնակից է: Մասնավորապես իր հարաբերությունների մասով Ադրբեջանի հետ, որը ՌԴ-ի համար չնայած ռազմական դաշնակից չէ, սակայն ռազմավարական գործընկեր է: Ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն ամեն կերպ իրենց հեռու կպահեն Երևանի և Բաքվի հակամարտությանն անմիջական միջամտությունից: Միևնույն ժամանակ, կպաշտպանեն Հարավային Կովկասի երկու հարևան պետությունների միջև կոնֆլիկտային իրավիճակների լուծումը դիվանագիտական/բանակցային հիմունքներով»,-նշել է քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին, թե ստեղծված լարված իրավիճակում ինչպիսին է նոր պատերազմի սկսվելու ու ՌԴ-ի միջամտման հավանականությունը` նա նշել է.«Կարծում եմ, որ նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը նվազագույն է: Բայց հավանաբար դեռ կլինեն նոր սահմանային միջադեպեր: Դրանց կանխարգելման, ինչպես նաև բուն պատերազմի հավանականության համար անհրաժեշտ է, որ պաշտոնական Մոսկվան ձգտի սահմանային պայմանագրի և խաղաղության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովն էլ նշել է, որ ներկայիս ճգնաժամը, իհարկե, մարտահրավեր է Հայաստանում ՀԱՊԿ-ի հեղինակությանը. Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «այս պահին մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի գործողությունների արագությամբ», նրան աջակցող խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես հայտարարել է, որ դաշինքի «դանդաղկոտությունն է հանգեցրել է նման իրավիճակի և սրման»:

«Բայց այս հայտարարությունները կարելի է ավելի պարզ բացատրել. սահմանային ճգնաժամը Փաշինյանի թիմի համար ներքաղաքական լուրջ խնդիր է ստեղծում ընտրությունների նախաշեմին, և նրանք փորձում են գոնե մասամբ իրենցից հեռացնել երկրի հասարակության դժգոհությունը: Այլ բան է, որ ՀԱՊԿ-ի քննադատությունը դժվար թե լուծի Հայաստանի ներկայիս կառավարության ներքաղաքական խնդիրները»,-նշել է Նեյժմակովը:

Խոսելով Ալիևի` «Զանգեզուրի միջանցքն ուժով վերցնելու» սադրիչ հայտարարության մասին` վերլուծաբանը նշել է, որ «ադրբեջանական կողմը ձգտում է օգտագործել այն հնարավորությունները, որոնք ի հայտ են եկել Ղարաբաղում 2020-ի աշնանը ռազմական գործողություններից հետո: Միևնույն ժամանակ, կան գործոններ, որոնք (գոնե առայժմ) կարող են զսպել սահմանային ճգնաժամը լայնամասշտաբ զինված բախման վերածվելուց»:

«Մասնավորապես, մի շարք պատճառներով, հակամարտության սրումը դժվար թե այժմ ձեռնտու լինի Բաքվին, այդ թվում նաև մի իրավիճակում, երբ Թուրքիայի ուշադրությունը նկատելի չափով շեղված է Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս ֆոնի վրա Մոսկվայի միջնորդական ջանքերը կարող են դեռ արդյունք տալ»,-եզրափակել է վերլուծաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր