Կողմերի վարկածները.Հայերն «արդեն ուշադրություն չեն դարձնում ռուսական խաղաղապահներին և անում են հնարավորը իրենց անվտանգությունն ապահովելու համար. BBC
Ադրբեջանը հայտարարել է «Հատուցում» կոչվող հատուկ ռազմական գործողության շնորհիվ Ղարաբաղում մի քանի գերիշխող բարձունքների գրավման մասին:
Գերատեսչության [Ադրբեջանի ՊՆ] կայքում հրապարակվել են կադրեր՝ նկարահանված անօդաչուից, որոնցում երևում են հարվածները հրետանային հաշվարկներին և հայկական ուժերի դիրքերին:
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սրվեց հուլիսի վերջից: Փոխհրաձգությունները ադրբեջանական բանակի և հայկական ուժերի միջև հանգեցրին զոհերի զինվորականների շարքերում:
Ակտիվ ռազմական գործողություններն այստեղ պաշտոնապես ավարտվել են 2020 թ. աշնանը ռուսական խաղաղապահների մուտքով:
Այժմ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտարարված է մասնակի զորահավաք: Ադրբեջանը պահանջում է իր հսկողության տակ վերադարձնել Լաչին քաղաքը, որով անցնում է Հայաստանից Ղարաբաղ միակ ճանապարհը:
Ի՞նչ է տեղի ունենում հակամարտության գոտում և կարելի՞ է խոսել հերթական պատերազմի սպառնալիքի մասին:
Կողմերի վարկածները
Օգոստոսի 1-ին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանական բանակը «փորձել է առավոտյան հատել շփման գիծը հյուսիսային և հյուսիսարևմտյան գոտիներում, այդ փորձերը կանխվել են, բախումներ չեն արձանագրվել»:
Իսկ մի օր առաջ նրանք հայտարարեցին, որ վիրավորվել է հայ զինվորական: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց միջադեպի առկայությունը՝ այդ տեղեկատվությունն անվանելով «կեղծ, սադրիչ և մոլորեցնող»:
Ընդ որում, օգոստոսի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ անցած օրերին եղել է «հրադադարի ռեժիմի երեք խախտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:
Օգոստոսի 3-ի առավոտյան արդեն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ Լաչինի շրջանում (Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանող) «ինտենսիվ հրաձգությունների» հետևանքով սպանվել է ադրբեջանցի զինծառայող:
Մոտավորապես նույն ժամանակ չճանաչված ԼՂՀ-ի իշխանությունները հաղորդեցին, որ ադրբեջանական անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երկու զինվոր, վիրավորվել են 14-ը, և հայտարարեցին մասնակի զորահավաք:
Համաձայն ռուս զինվորականների հաղորդման՝ Ադրբեջանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը Սարիբաբա բարձունքի շրջանում, որը գտնվում է Լաչինի միջանցքում:»
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման մեջ նշվում է՝ Բաքուն նախազգուշացրել է ռուս խաղաղապահներին, որ հայ զինվորականների ներկայությունը նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքում «վտանգի աղբյուր է»:
Մեկուկես տարի ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ
Երկրորդ պատերազմը Ղարաբաղում տևել է 44 օր և ավարտվել է 2020 թ. նոյեմբերի 10-ի գիշերը եռակողմ (Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան) պայմանագրի ստորագրմամբ, որի արդյունքներով Ադրբեջանին վերադարձվեցին Ղարաբաղին հարակից շրջանները և տարածաշրջանի պատմական մայրաքաղաք Շուշին:
Բուն Ղարաբաղ մտան ռուսական խաղաղապահները, որոնք էլ այդ պահից ի վեր հսկում են նոր շփման գիծը, որը բաժանում է Ղարաբաղի հայերին և ադրբեջանական զորքերը:
Թեպետև պատերազմ չկա, լարվածությունը շարունակվում է մինչ օրս: 2021 թ. մայիսի 12-ին, եթե հավատանք հայկական կողմի տվյալներին, ադրբեջանցի զինվորները ներխուժեցին Հայաստանի տարածք և խորացան 3,5 կմ՝ հսկողության տակ առնելով փոքր լճի (և՛ հայերեն, և՛ ադրբեջաներեն կոչվում է «Սև լիճ») շրջակա տարածքը երկու երկրների սահմանին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց այն ժամանակ, որ երկիրը «զբաղված է անվտանգության ուժեղացմամբ սահմանին, և դա տեղի է ունենում Բաքվում և Երևանում եղած քարտեզների հիման վրա: Ադրբեջանը հարգում է սահմանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը», իսկ ավելի վաղ ադրբեջանական սահմանապահները չէին կարողացել գրավել լճի շրջակայքը սեզոնային դժվարին կլիմայական պայմաններում:
2022 թ. մարտին նոր լարվածություն առաջացավ: Երկու կողմերը հաստատեցին, որ ադրբեջանական զինվորները կարողացել են իրենց հսկողության տակ առնել բնակելի կետ և բարձունք հակամարտության գոտում:
Ինչո՞ւ է դա տեղի ունենում հիմա
Օգոստոսի 2-ին չճանաչված ԼՂՀ-ի իշխանությունները հայտնեցին, որ ադրբեջանական կողմը պահանջ է փոխանցել Հայաստանի հետ հաղորդակցությունը կազմակերպել այլ երթուղիով՝ շրջանցելով գոյություն ունեցողը:
Բանն այն է, որ Ղարաբաղը Հայաստանի հետ կապում է այսպես կոչված «Լաչինի միջանցքը», մի ճանապարհ, որը հսկում են ռուսական խաղաղապահները և անցնում է Լաչին քաղաքով՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող ադրբեջանական քաղաքով, որը հայկական ուժերը գրավել էին դեռ առաջին ղարաբաղյան պատերազմում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է տեղի «Արմենպրես» գործակալությանը, որ Ադրբեջանի պահանջը Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավաչափ չէ, քանի որ հայկական կողմը չի համաձայնել որևէ պլանի, թեպետ աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:
Խնդիրն այն է, որ Լաչինի շրջանի մնացած հատվածը (բացի բուն քաղաքից և ճանապարհից) հայկական կողմը վերադարձրել է Ադրբեջանին ըստ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրի, որով վերջ տրվեց պատերազմին: Ըստ այդ համաձայնագրի՝ պետք է նոր ճանապարհ կառուցվի՝ շրջանցելով Լաչինը, որը կապում է Ղարաբաղի հայերին Հայաստանի հետ: Ադրբեջանը ճանապարհի իր մասը կառուցել է, Հայաստանը՝ դեռևս ոչ:
Ադրբեջանն իրոք մեղադրում է Հայաստանին ստանձնած տարածքային պարտավորությունները չկատարելու համար: Այսպես, օգոստոսի 3-ին հերթական անգամ այդ մասին խոսեց Ադրբեջանի ԱԳՆ-ն: Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն այժմ Ղարաբաղում տեղի ունեցողը որակեց հակաահաբեկչական գործողություն. «Բացահայտվում են հակառակորդի կրակակետերը, տեղի է ունենում այդ կետերի ոչնչացում»: Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար զինված ուժերը Ղարաբաղում «բանդիտական կազմավորումներ» են:
«Հայկական զինված կազմավորումների ներկայությունը, որոնք ակտիվություն են ցուցաբերում, մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք պաշտպանական ամրություններ կառուցում, դա հարուցեց ադրբեջանական կողմի անհանգստությունը,- ասում է նա:- Մեզ խոստացել են, որ իրավիճակը հսկողության տակ կառնեն, բայց դա տեղի չի ունեցել»:
Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման ծավալումները համարում է Ադրբեջանի ճնշում հայկական կողմի վրա, որպեսզի զիջումների հասնի բանակցություններում:
«Սա որոշակի էսկալացիա է… Թերևս կապված է երկու հանգամանքի հետ,- ասում է նա ԲիԲիՍի-ին:- Առաջին՝ այն, որ Ռուսաստանն այժմ զբաղված է Ուկրաինայում և Ղարաբաղի ժամանակը չէ: Եվ ահա Ադրբեջանը փորձում է շոշափել կարմիր գծերը և ստուգել, թե ինչքան հեռու կարող է գնալ: Երկրորդ՝ բանակցային գործընթաց է տեղի ունենում, և Ադրբեջանը բանակցային գործընթացը համատեղում է ճնշման տարբեր ձևերի հետ»:
Eurasianet գործակալության Կովկասի բաժնի խմբագիր Ջոշուա Կուչերան նույնպես կարծում է, որ «Ռուսաստանն այժմ տարված է Ուկրաինայով, ուստի Ադրբեջանը կարող է համարձակվել ավելի ագրեսիվ դրսևորել իրեն խաղաղապահների դիմաց»: Բայց նա չի կարծում, որ Ադրբեջանն այդ առումով շատ հեռուն կգնա:
Կլինի՞ նոր պատերազմ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անցած ամսին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնել է, որ հայ զինվորներն այլևս ծառայություն չեն անցնելու Ղարաբաղում և այնտեղ մնալու են ծառայելու միայն տեղի՝ չճանաչված ԼՂՀ-ի զինվորականները:
Բացի այդ, նա ասել է, որ ղարաբաղյան հարցը «մեզ համար տարածքային հարց չէ»: «Այդ առումով մեզ համար հիմնարար նշանակություն ունեն Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»,- հայտարարել է նա:
Պաշտոնյան հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ղարաբաղյան հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններից առանձնացնելու գաղափարի մասին: «Հիմա մենք պետք է ակտիվորեն քննարկենք այդ տարբերակը և որոշենք, թե ինչպես գործել հետագայում»,- հայտարարել է նա՝ նշելով նաև, որ խաղաղության կնքման համար Ադրբեջանի առաջարկած հինգ կետերում «անընդունելի ոչինչ չկա»:
Ադրբեջանի առաջարկած պլանի հինգ կետերը.
ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում,
տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում,
հրաժարում սպառնալիքների և ուժի կիրառումից,
պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում,
տրանսպորտի և հաղորդակցությունների բացում։
Այսուհանդերձ լարվածությունը մնում է, և երկու կողմերում էլ լուրեր են շրջանառվում նոր պատերազմի հավանականության մասին:
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ թեպետ նոր բախումները հնարավոր են, իսկական պատերազմ, ինչպես 2020 թվականին, բացառված է:
«Միակ գործոնը, որ այդ պատերազմն անհնարին է դարձնում, խաղաղապահների ներկայությունն է, քանի որ պատերազմի դեպքում Ադրբեջանի զորքերը ստիպված կլինեն սպանել ռուսներին, Ռուսաստանն էլ չի կարող դրան չարձագանքել,- հիշեցնում է նա:- Իսկ առայժմ այդ [մարտերի] ցածր ինտենսիվությունն է, և դա դժվար է պատերազմ համարել»:
Իլգար վելիզադեն համարում է, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ հայկական կողմը դրա համար ո՛չ միջոցներ ունի, ո՛չ մարդկային ռեսուրսներ:
Ջոշուա Կուչերան նկատում է, որ ռուսական խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում ընդամենը 2000 ռուս զինվոր կա, որոնք ցրված են այդ տարածքում, ուստի ի վիճակի չեն կանխելու զինված բախումները: Նա զգուշավորությամբ չի բացառում, որ հայերն «արդեն ուշադրություն չեն դարձնում ռուսական խաղաղապահներին և անում են հնարավորը իրենց անվտանգությունն ապահովելու համար»:
«Բայց ես իսկապես կարծում եմ, որ նրանք [խաղաղապահները] կկանխեն խոշոր պատերազմը, քանի դեռ այնտեղ են,- հույս է հայտնում փորձագետը:- Ադրբեջանը չի կարող խոշոր հարձակում սկսել՝ առանց անխուսափելիորեն Ռուսաստանին ներքաշելու»:
Աղբյուրը՝ BBC