Ուկրաինան «Բայրաքթար»-ներով է սպառնացել Ռուսաստանին. ՌԴ հարձակման դեպքում երկրի ցանկացած մասում այն կկիրառի
Կիևը Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր է գնել, որպեսզի Ռուսաստանը երկու անգամ մտածի հարձակվելուց առաջ: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նախքան Ուկրաինայի նկատմամբ սրացումների գնալն ու մասշտաբային հարձակում պլանավորելը երկու անգամ մտածի», - ասել է նախարարը և հավելել, որ Ուկրաինան զենքը գնում է «պաշտպանության նպատակով»։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հարձակման դեպքում Ուկրաինան երկրի ցանկացած մասում անօդաչու թռչող սարքեր կկիրառի։
Կուլեբան բարձր է գնահատել թուրքական արտադրության ԱԹՍ-ների որակական հատկանիշները և նշել, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում այլ երկրներին Կիևին զենք մատակարարելուց հետ պահելու համար։
Ավելի վաղ թուրքական Baykar ԱԹՍ արտադրող ընկերությունը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տեղեկացրել էր Կիևի կողմից Bayraktar տեսակի ԱԹՍ-ների գնման մասին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավաստիացրել էր, որ այս գործարքը Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված չէ։
Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:
Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ: