Տեսանյութ.Մոռացե՛ք հայ գերիների մասին, ինձ ասաց ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան.Նա շատ կեղտոտ նախապայման դրեց

Զոհրաբյանը նշեց, որ ինքն ու ադրբեջանական պատվիրակությունը նույն քաղաքական խմբում են՝ Եվրոպական ռեֆորմիստների ու ժողովրդավարների. «Նիստից հետո ես մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ: Իմ բոլոր արգումետները, որ մեր տղաները ռազմագերիներ են, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը, Ժնևի երրորդ կոնվենցիան, թքած ունի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ հայտարարության վրա, որի 8-րդ կետը հստակ արձանագրում է՝ կրակի դադարեցումից հետո կողմերն առանց որևէ նախապայմանի պետք է կատարեն գերիների, ռազմագերիների, գերեվարված անձանց ու դիակների փոխանակությունը:
Ես ասել եմ, որ մենք որևէ ռազմագերի չունենք, վերադարձրել ենք նաև 90-ականների պատերազմից մնացած ադրբեջանցիների ոսկորները: Մենք նրանց վերադարձրեցինք մարդասպաններ Գուլիևին ու Ասկերովին, որոնց հանցագործությունը հաստատված էր:
Նա ինձ պատասխանեց, որ Ադրբեջանում ռազմագերի չկան, նրանք ահաբեկիչներ են ու նման անհեթեթություններ: Նա ասաց, որ մենք իրենց խաբել ենք՝ տրամադրված քարտեզների 50 տոկոսը ֆեյք են:
Նա շատ կեղտոտ նախապայման դրեց, որ փոխանցեմ ՀՀ իշխանություններին: Նա ասաց, որ պատրաստ են քննարկել մեր ռազմագերիների վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառվելու է Արցախի 75 տոկոսը:
Ասաց, որ այդ դեպքում իրենք պատրաստ են որպես բարի կամքի դրսևորում քննարկել մեր տղաների վերադարձը: Իսկ մինչ այդ, մենք ռազմագերիների մասին պետք է մոռանանք:
Սա է եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի ինձ փոխանցածը»:
Զոհրաբյանն ամեն դեպքում ասաց, որ մենք մեր զենքերը չպետք է վայր դնենք:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, Ադրբեջանը չի հասկանում հորդորի լեզուն, եվրոպական կառույցներում ինքն ասել է այդ մասին. «Կոնկրետ սանկցիա պետք է կիրառել Ադրբեջանի հանդեպ»,-ասաց նա՝ խոսելով մեր գերիների մասին:
«Հենց Նավալնին գրիպ է ընկնում, Մերկելն անմիջապես գերմանական բորտ է ուղարկում, Նավալնուն տեղափոխում: Դրան զուգահեռ եվրոպական կառույցները սկսեցին կոպտագույն սանկցիաներ կիրառել Ռուսաստանի հանդեպ: Կալանքներ դրվեցին ռուսաստանցի պաշտոնյաների եվրոպական հաշիվների վրա:
Ես եվրոպական կառույցներին առաջարկել եմ կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի, կլանի եվրոպական հաշիվների վրա, օգտագործել պատժամիջոցները:
Երբ մի ստից Նավալնու համար, ով սորոսական վիժվածք է, ռուսական պատվիրակությանը զրկվեց մի քանի տարի Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից, լավ մեր մոտ 200 տղաները մի Նավալնի չարժե՞ն»,-ասաց նա: