Ովքե՞ր կարող են կորոնավիրուսից բարձր պաշտպանվածություն ունենալ
Ինտերֆերոն ալֆայի բարձր մակարդակով, արյան մեջ լիմֆոցիտների բարձր մակարդակով եւ որոշակի գենետիկական մարկերներով մարդիկ կարող են կորոնավիրուսից բարձր պաշտպանվածություն ունենալ:
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Պաստերի համաճարակաբանության եւ մանրէաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Թոթոլյանը:
Ինչպես պատմում է «Իզվեստիա»-ն, կան այլ գործոններ, որոնք կորոնավիրուսից պաշտպանություն են ապահովում, սակայն դրանց վերաբերյալ հետազոտությունները դեռ նոր են սկսվում:
Թոթոլյանը նշեց, որ առաջին պաշտպանական գործոնը տեղական պաշտպանության մակարդակն է: Կորոնավիրուսային վարակը մարմն է մտնում վերին շնչուղիների միջոցով, և եթե մարմինը ունի ինտերֆերոն ալֆայի բարձր մակարդակ, վարակի վտանգը նվազում է: Ինտերֆերոն ալֆան մոլեկուլ է, որը սինթեզվում եւ արտադրվում է իմունային համակարգի բջիջների կողմից, այն ունի անմիջական հակավիրուսային ազդեցություն:
Երկրորդ գործոնը գենետիկական մարկերներն են, որոնք կոդավորում են մարդկանց իմունային պատասխանը:
«Մենք հայտնաբերել ենք երկու պաշտպանիչ ալել եւ մեկը, որը նախատրամադրում է հիվանդությանը: Դրանք հետազոտության ամենաառաջին արդյունքներն են, այն շարունակվում է, ընդ որում՝ ակտիվ փուլում»,- ասաց Թոթոլյանը:
Բացի այդ, լիմֆոցիտների բարձր մակարդակը նշանակում է, որ անձը վարակվելու ավելի քիչ հավանականություն ունի, եւ եթե դա տեղի ունենա, ավելի քիչ հավանական է, որ հիվանդությունը ծանր կընթանա: