Տեսանյութ.Ինչի՞ց է այսքան վախենում իշխանությունը.Սյունքի կալանավորված համայնքապետերի անգամ նկարը խուճապ է առաջացնում նրանց մոտ
Բաքվում գտնվող հայ ռազմագերիներից մեկը՝ Ալյոշա Խոսրովյանը կապանցի է, ունի փոքր զավակ: Պետության ուղղիղ պարտականությունն էր անել ամեն բան, որ Բաքվում այսօր չունենայինք գերիներ, բայց պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերն այսօր պատանդի կարգավիճակում են և պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցվեն:
Պատգամավորը նաև նշեց, որ մի քանի անգամ փորձել է տեսակցել կալանավորված համայնքապետերին, բայց թույլ չեն տվել: Ըստ նրա՝ կա հստակ հրաման, որով արգելվում է նույնիսկ պատգամավորին տեսակցել նրանց.
«Ինչի՞ց է այսքան վախենում իշխանությունը, մենք ստորագրահավաք էինք իրականացնում՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի և ընդամենը մեկ ստորագրահավաքից հետո գործընթացը կասեցվեց: Փաստորեն, մեր տղաների ընդամենը նկարները խուճապ է առաջացնում, նույնիսկ նկարը տեսնելը մարդկանց մոտ անհասկանալի զգացողություններ է առաջացնում»,-ասաց Գրիգորյանը:
Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե իշխանությունը վախենում է հայի արժանապատիվ տեսակից.
«Նրանք վախենում են, քանի որ հասկանում են, որ անարժանապատիվ կյանքով են ապրել: Անտրամաբանական է, երբ հայ մարդը, որն ունի արժանապատվություն, վախենա կամ նսեմացվի ընդամենը պատգամավորի և կալանավորված անձի հանդիպումից, կամ վախենան ստորագրահավաք իրականացնելուց: Նրանք ամեն ինչից են վախենում, քանի որ հասկանում են, թե ինչ պատուհաս են դարձել մեր երկրի համար»,-ասաց Արծվիկ Մինասյանը: