Լրիվ պատվաստված մարդկանց կորոնավիրուսով վարակվելու ռիսկը
Զանգվածային պատվաստումն իսկապես արգելակում է կորոնավիրուսի տարածումը եւ կյանքեր փրկում։ Այս մասին ասվում է REACT-1 ազգային հետազոտության միջանկյալ տվյալներում, որոնք ներկայացրել են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, REACT-1 հետազոտության հերթական փուլի ընթացքում՝ հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 12-ը, մոտ 100 000 կամավորական ՊՇՌ թեստ է հանձնել։ Պարզվել է, որ կորոնավիրուսի «հնդկական» տարբերակը՝ «դելտան», վերջնականապես դուրս է մղել մնացածին՝ հիվանդացածների 100 տոկոսը վարակվել էր այդ շտամով։
Վարակի ամենաբարձր տարածում եղել է 13-24 տարեկան երիտասարդների շրջանում (յուրաքանչյուր 56-րդը, 1,56 տոկոս), տարիքային այս խմբին բաժին է ընկնում COVID-19-ի նոր դեպքերի 50 տոկոսը։ Հիվանդացության ամենացածր մակարդակ ունեցել է 75 եւ ավելի տարիքի մարդկանց խումբը՝ ընդամենը 0,17 տոկոս։ Դա բացատրվում է նրանով, որ տարեց մարդիկ առաջինն են պատվաստանյութեր ստացել։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տարածվածությունը լրիվ պատվաստվածների շրջանում երեք անգամ ավելի քիչ է նրանց համեմատ, ովքեր պատվաստում չեն ստացել՝ 0,21 տոկոս 0,40-ի դիմաց։ Տվյալների շտկումից հետո՝ տարբեր գործոնների հաշվառմամբ, հետազոտության հեղինակները պարզել են վարակման ռիսկի նվազում այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստանյութի երկու չափաբաժինն էլ ստացել են. 50-60 տոկոս չպատվաստվածների համեմատ։
Հետազոտողների խոսքով՝ լրիվ պատվաստված, բայց վարակված մարդիկ պակաս հավանական է, որ վարակեն ուրիշներին, որովհետեւ նրանց մոտ ավելի քիչ է վիրուսային բեռնվածությունը, եւ հետեւաբար՝ նրանք ոչ մեծ քանակությամբ վիրուսային մասնիկներ են արտազատում։