Հնգօրյա ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկությունը չի ուղարկել նախագահին

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածը սահմանում է, որ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2–ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ։ NEWS.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7-ն էր։
Մենք փորձեցինք նաև վարչապետի մամուլի խոսնակից մեկնաբանություն ստանալ, պարզելու, թե ինչո՞ւ մինչ այս պահը վարչապետը ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկություն չի ուղարկել և ե՞րբ կուղարկի, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Օգոստոսի 9-ի դրությամբ, թափուր է մնացել միայն ԱԳ նախարարի պաշտոնը։ Այս պահին Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։