Տեսանյութ.Պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ. Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք
Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք առաջարկների։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ` սադրիչ քայլերից զերծ մնալու կոչ անելով։ ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 3-ին հանդես եկավ հայտարարությամբ` ողջունելով համանախագահների հայտարարությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ ու միջավայր ձևավորելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սադրիչ գործողություններ և խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Ըստ Փաշինյանի` հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունության համար։ Վարչապետը հավելեց` այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի գործարկման։
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Պատրաստ ենք այս օրակարգի շուրջ ակտիվ երկխոսություն սկսել միջազգային մեր գործընկերների աջակցությամբ»,-նշեց վարչապետը։
Նա նշեց, որ այս հարցերն ավելի մանրամասն կքննարկեն կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ընդունման ժամանակ։