Մի քանի հոգով հարձակվեցին վրաս. Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն, չեն կարա լռեցնել մեզ
![](https://panorama.am/news_images/852/2554799_1/f61260e8e60016_61260e8e60057.thumb.jpg)
Նա ընդգծեց՝ իրենք ունեն պայքար, որը հանուն պետության է ու հանուն ժողովրդի:
«Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ մեզ լռեցնելու նպատակով, դա իրենց չի հաջողվելու, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Ա. Ղազինյանը:
Ընդդիմադիր պատգամավորը քերծվածք ունի դեպքի վրա, հարցին՝ մասնակցե՞լ է քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, Ա. Ղազինյանն ասաց. «Չեմ ուզում այդ մասին խոսել, հարիր չէ իմ անձին, այս խորհրդարանին: Ամեն դեպքում հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով»:
Նրա խոսքով, մի բան ակնհայտ է՝ վերջին միջադեպը լավ կազմակերպված, լավ պլանավորված, թույլատրված ակցիա էր երկրի բարձրագույն իշխանության կողմից, որին դուր չեն եկել իրենց որակումները, ելույթները, գնահատականները:
«Հրահանգ է տրված եղել պատժել մեզ»,- ընդգծեց «Հայաստան» դաշինքի անդամը:
Նրա գնահատմամբ, այս խորհրդարանն այլևս սնանկ է և անգործունակ:
«Իշխանությունն ամեն դեպքում պատասախանատու է ցանկացած իրավիճակի ու ելքի համար: Այսօրվա միջադեպի ու ԱԺ այս վիճակի համար պատասխանատու է երկրի բարձրագույն իշխանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ա. Ղազինյանը նշեց, որ կքննարկեն այսօր տեղի ունեցածը, եթե առկա լինեն հանցակազմի տարրեր, պարտադիր կներկայացնեն հաղորդում հանցագործության մասին:
Ըստ նրա, այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված հիմնական առաքելությունն ու պարտականություններն ի զորու չէ կատարելու:
«Այս ամենից տուժում է մեր քաղաքացին, պետությունը, քաոս է ստեղծվում: Միգուցե իշխանություններին ձեռնտու է այս քաոսը, որպեսզի այդ քաոսի մեջ կարողանան անցկացնել այն, ինչի համար իրենք նորից իշխանություն են ստացել»,- ասաց Ա. Ղազինյանը:
Հարցին՝ թե ինչը պետք է անցկացնեն, նա պատասխանեց. «Իրենք դրա մասին խոսեցին, որ անշրջելի հանձնառություն ունեն Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ապահովելու համար: Իսկ թշնամու պայմաններով խաղաղությունը, երբ մեր կողմից չի հնչում ոչ մի պայման, պահանջ, երբ որ չեն սահմանվում կարմիր գծերը, դա ոչ այլ ինչ է, քան իրական կապիտուլյացիա»: