Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 սեպ 2021 11:18

Տեսանյութ.Ջալալն ասաց. «100 % մերոնք են՝ չկրակեք». Պարզվեց` դիվերսիա էր. 12 զինվոր մինչ օրս անհետ կորած է

Ջալալ Հարությունյանի՝ «Չկրակեք, մերոնք են» հրամանը ճակատագրական էր հայրենիքի պաշտպանությանն անցած երկու տասնյակ ժամկետային զինծառայողների համար։ Հոկտեմբերի 12-ին կլրանա մեկ տարին, ինչ անհետ կորած են համարվում Ցորի զորամասի 12 հրետանավորները։


Պատերազմը սկսվելուց հետո միտումնավոր, թե հանցավոր անփութությամբ հրետանավորներին հրաման էր տրվել տեղակայվել սահմանագիծ չունեցող տարածքում։ Հերոսները դիվերսիոն խմբի հարձակմանն են ենթարկվել ու միայնակ մնացել հարյուրավոր ադրբեջանցիների հետ, երբ սպաներն ու մի քանի զինծառայողներ հասցնում են լքել կռվի թեժ կետը։ Որոնողական աշխատանքների արդյունքում 21 անհետ կորած զինվորներից միայն 9-ի մարմիններն են գտնվել, իսկ 12-ը համարվում են անհետ կորած։


Զինծառայողների հարազատներն առաջին իսկ օրվանից փորձում են բացահայտել մութ պատմությունները։


Անհետ կորած զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը «Փաստինֆո»-ին պատմել է, որ սեպտեմբերի 27-ին հրետանավորները տագնապով դուրս են եկել տեղակայման վայր՝ Ասկերան, հետո՝ Վազգենաշեն։ Հոկտեմբերի 10-ին տեղակայվել են Ջուվառլու կոչվող տարածքում։ Հրամանատարը նկատել է, որ մոտ են առաջնագծին ու հրամայել զինծառայողներին 5 կմ հետ գնալ։ Հնարավոր էր առաջադրանքը հեռվից էլ կատարել։ Սակայն Գենա Բաղդասարյանից հրաման են ստանում հետ գնալ Ջուվառլու։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 12-ին դիվերսիոն հարձակում է տեղի ունենում։


Ցորի դիվիզիոնը երեք մարտկոցից էր կազմված։ Այսօր 35 հոգանոց խմբից կա 12 անհետ կորած, 8-ը՝ նույնականացված։ Զինվորները վերջին անգամ կապի էին դուրս եկել հոկտեմբերի 10-ին։


«Երկու օր ծնողները լուր չունեին։ Հոկտեմբերի 12-ին հրամանատարությունը զեկուցել է, որ շարժեր են տեսնում։ Հրետանու պետը՝ Նորիկ Հայրապետյանը ասել էր հավաքվեն տղաները՝ 15 րոպե էր տևելու պուշկեքը հավաքելը, զանգ է ստանում բունկերից ու ասում ՝ «Ջալալն ասել է 100 տոկոսով մերոնք են՝ չկրակեք»։ Չգիտեմ ինչի՞ց են որոշել, որ մերոնք են, իմանալով որ տարածքում կան դիվերսանտներ»,- պատմել է Զաքունցը։


Անհետ կորած զինծառայողի հայր Ջիվան Միքայելյանը պատմել է, որ դիվերսիայի ժամանակ 35 զինվորից 14-ը հասցրել է դուրս գալ։ 4 հրամանատարներից երեքը փրկվել են, իսկ Նորիկ Հայրապետյանը այսօր էլ անհետ կորած է։ Արցախի ՄՈԲ-ից փրկված տղաները հարազատներին հետագայում պատմել են իսկությունը։


«Դիվերսիան եղել է երեկոյան՝ 5-6-ը։ Տղաները դատարկ տարածքում էին՝ շրջապատված կիսալուսնաձև սարերով։ Բարձունքից տեսել են ու կրակել, մերոնք էլ պաշտպանվել են։ Հրամանատարները հասկացել են, որ ադրբեջանցիներն են, երբ մեկը կրակել է խոզի ուղղությամբ ու թուրքերեն բառեր ասել։ Նույն ժամանակ շտաբի պետը՝ Գևորգ Գևորգյանը, նստել է մեքենան ու վարորդին հրաման տվել քշել։ Վարորդը հարցրել է՝ «բոլորը նստե՞լ են», ինքը ասել է՝ «քո գործը չի, քշի»։ Հինգ հոգի հասցնում է նստել մեքենան»,- պատմել է Զաքունցը։


Ջիվան Միքայելյանի խոսքով հրամանատարն անգամ զենք է ուղղել վարորդի գլխին՝ սպառնալով, որ կկրակի, եթե չքշի։ Հայրը պնդում է՝ պաշտոնյան վատ համբավ է ունեցել։ Հրետանավորների խումբը տեղեկացվել էր Ֆիզուլի-Հադրութ հատվածում։ Հարազատների պնդմամբ՝ այդ ժամանակ Հադրութը հանձնված է եղել։ Կարծում են՝ կամ սխալ հրաման է եղել, կամ իրավիճակին չեն տիրապետել։


Արցախի ՊԲ մայոր Գևորգ Գևորգյանը կալանավորված է։ Նա օգոստոսի 25-ին հարցաքննվել է որպես մեղադրյալ և 36-էջանոց ցուցմունք է տվել, որտեղ ներկայացվել է ամբողջ եղելությունը։ Վերջինս, ըստ ծնողների մեղքը չի ընդունում, սակայն այս պատմության մեջ մեղավոր են բոլորը։


Անհետ կորած զինծառայողների հարազատները վճռական են տրամադրված։ Փնտրում են իրենց զավակների նահատակված մարմինները։ Հույս ունեն, մի օր 44- օրյա պատերազմի մութ պատմությունների վրա լույս կսփռվի, ի վերջո կբացահայտվեն՝ ինչո՞ւ կորսվեց հայրենիքի մեծ մասը և ինչո՞ւ խեղվեցին հերոսների ճակատագրերը՝ միտումնավոր, թե հանցավոր անփութությամբ։


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր