Տեսանյութ .Հադրութը դավաճանությամբ են հանձնել. Իմ տունն առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ
Ես Հադրութի շրջանի Տող գյուղից եմ, որը 16-ից-18-րդ դարերում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: Այսինքն սեփական բանակ է ունեցել, ծխախոտի և գինու արտադրությամբ է զբաղվել մինչև Շուշիի բերդաքաղաք դառնալը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հադրութի բնակիչներից մեկը:«Ես այդ գյուղում եմ ծնվել, քարը քարին դրել, տուն կառուցել և երկար տարիներ դպրոցն եմ ղեկավարել: Դավաճանության պատճառով ստիպված էինք լքել մեր գյուղը: Հանձնվեց Հադրութը, հույս կար, որ Տողը անպարտելի է, քանի որ թուրք-մոնղելները 28 անգամ հարձակվել էին այդ գյուղի վրա ու նրանց երբեք չի հաջողվել վերցնել գյուղը: Գյուղացիները նրանց հետ են շպրտել: Տողն անպարտելի էր, բայց այսօր շատ եմ ցավում՝ այն չկա: Զարմանում եմ մեր իշխանավորներից, որ մի անգամ չլսեցի օկուպացված բառը, որ Հադրութն օկուպացված է, որ Շուշին օկուպացված է, կարծես թե այդպես էլ պետք էլ իներ»,-նշեց նա:
Հադրութցի բնակիչը պատասխանելով այն հարցին, թե հիմա որտեղ է նա ապրում, պատասխանեց, որ ինչպես շատերը, այնպես էլ ինքը ապաստան են գտել Հայաստանում: «Ես ապրում եմ Երևանում, վարձով»:
Դիտարկմանը, թե պետությունը ինչ փոխհատուցում է հատկացրել նրանց, հադրութցի բնակիչը պատասխանեց. «4 ամիս 68 000 դրամ մեզ տվեցին»:
Հարցին՝ ինչ են ակնկալում կառավարությունից նա պատասխանեց. «Ես ոչ մի բան էլ չեմ ակնկալում, ինչպես դավաճանությամբ հանձնել են Հադրութը, նույնպիսի դավաճանությամբ էլ թող վերադարձնեն և հադրութցիները կգնան իրենց օջախները: Իմ տունն առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ»: