ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

19 հոկ 2021 16:18

Ռուսաստանը շատ կոպիտ աշխարհառազմավարական բնույթի սխալ գործեց. այսօրվա պայքարը տարածաշրջանում աննախադեպ է, քանի որ առաջին անգամ ՌԴ-ն ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ

«Տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս քվոյի համար»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԳԱԱ-ում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։


Նրա զեկույցի թեման է՝ «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում»:


Պայքար նոր ստատուս քվոյի համար


Ս. Սաֆրաստյանի խոսքով, ըստ էության, այն պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադեպ է, քանի որ առաջին անգամ Ռուաստանը  միայնակ չէ հաստատում այդ ստատուս քվոն, այլ ստիպված է  հաշվի նստել Թուրքիայի հետ:


«Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ  աշխարհառազմավարական բնույթի սխալ գործեց, երբ 2020 թվականի գարնանը ու ամռանը չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագույն զենքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, ընդհանրապես թուրքական  ռազմական ներկայությունը տարածաշրջանում  ուժեղացնելուն:


Փաստորեն, այսպիսով Թուրքիան կանխորոշեց Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Դա հնարավորություն տվեց Թուրքիային իր միջամտությունը, դերակատարությունն ունենալ այն պայքարում, որը հիմա տեղի է ունենում մեր տարածաշրջանում»,- ասաց պատմաբանը:


Այս առումով նա որոշ նմանություններ նշեց 1920-21 թթ. հետ, այսինքն՝  ՌԴ –ն այլևս միայնակ չի կարող տնօրինել տարածաշրջանը, ստիպված է Թուրքիայի հետ  որոշակիորեն և համագործակվել, և պայքարել:


Նա ընդգծեց, ՌԴ-ն իր սխալի պատճառով փաստորեն ստիպված է հաշվի նստել, բանակցություններ կամ առևտուր վարել Թուրքիայի հետ, միայնակ չի կարող տնօրինել մեր տարածաշրջանի զարգացումները:


«Ռուսաստանը տակտիկական առումով հասավ իր նպատակին և տեղակայեց խաղաղապահ ուժեր: Եթե  նայենք քարտեզին, կտեսնենք, որ ռուսական զինված ուժերը տեղակայված են Ադրբեջանի, Հայաստանի,  Վրաստանի տարածքների վրա, այսինքն ՌԴ պահում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ հիմնավելով Զինված ուժերի վրա:


Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն ակտիվ սկսում է առաջ տանել տրանսպորտային կապուղիների բացման ծրագիրը, որը տնտեսական գործոն է՝ փորձելու համար տարածաշրջանը պահել կայուն վիճակում: Իսկապես, ՌԴ-ն շահագրգռված է, որ  տարածաշրջանում լինի կայուն իրավիճակ, Արցախը մնա հայկական, ինքը լինի կառավարող ուժը մեր տարածաշրջանում:


Բայց պատմական փորձն ու ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ նման տիպի սուր իրադրություններում, երբ փորձում են տնտեսական գործոններ ներգրավել,  դա օգուտ չի տալիս: Հնարավոր չէ տնտեսական շահի վրա հիմնվելով՝ ներազդել աշխարհաքաղաքական,  աշխարհառազմավարական գործընթացների վրա»,- ասաց պատմաբանը: 


Թուրքիայի աշխարհառազմավարությունը


Ռ. Սաֆրաստյանի խոսքով, պետք է հասկանալ Թուրքիայի աշխարհառազմավարությունը ժամանակակից աշխարհում, ինչը բավական բարդ խնդիր է, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ բազմավեկտոր է, վատ կազմակերպված, բայց շատ համառ, ավանտյուրիստական, ինչն էլ դժվարացնեում է Թուրքիայի՝ ժամանակակից աշխարհում քաղաքականությունը հասկանալը:


«Կարծում եմ՝ ներկայիս Թուրքիան իրականացնում է մի գերնպատակ՝ հասնելու իր պետությանը, այսինքն Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանային մակարդակներից բարձրացնել համաշխարհային մակարդակի: Այսինքն Թուրքիան  իրականացնում է  համաշխարհային տերություն դառնալու քաղաքականություն: Հիմնական նպատակը դա է:


Եթե այս տեսակետից մենք դիտարկում ենք Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, պետք է նշել, որ մեր տարածաշրջանը Թուրքիայի համար կարևոր է:  Ի տարբերություն 1920-21 թվականների, Թուրքիան այս անգամ ունի բավական լավ նախնական դիրքեր մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար: Իսկ տարածաշրջանում Թուրքիայի նպատակն  ակնհայտ է՝ դարձնել տարածաշրջանը իր  աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ: Այս առումով է Թուրքիան օգտագործում Ադրբեջանին իր նպատակն իրականացնելու  համար»,- ասաց պատմաբանը:


Ըստ նրա, այսինքն, եթե 100 տարի առաջ բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան ունեին մեկ թշնամի՝ Արևմուտքը և համագործակցում էին լիովին Արևմուտքի դեմ, հիմա պատկերն այլ է, Թուրքիան վարելով վերը նշած քաղաքականությունը, միաժամանակ մաս է կազմում Արևմուտքի. «Սա հնարավորություն է տալիս սկզբունքորեն տարբեր տեսակետից գնահատել մեր տարածաշրջանի զարգացումները, այսինքն Թուրքիան և Ռուսաստանը, որքանով տեսնում ենք, համագործակցում են տակտիկական առումով, ռազմավարական առումով նրանք հակառակորդներ են: Նրանց նպատակները հակադիր են մեր տարածաշրջանում:


Թուրքիան  ուզում է տարածաշրջանը դարձնի միայնակ իր կառավարման տարածաշրջան, Ռուսաստանն ուզում է պահել տարածաշրջանն իր ազդեցության ոլորտում»: 


Ռ.Սաֆրաստյանի  խոսքով, Թուրքիայի գերագույն նպատակն էր, երբ նախաձեռնեց Արցախյան վերջին պատերազմը, ռուսների հետ մաս կազմի խաղաղապահ ուժերի, սակայն դա նրան չհաջողվեց, իր այդ կարևոր նպատակը Թուրքիան չկարողացավ իրականացնել, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան կշարունակի տարածաշրջանում պայքարն այն ստատուս քվոյի համար, որն իր համար ձեռնտու է:


«Մյուս կողմից Թուրքիան տարածաշրջանում ունի նաև ավելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը անթուրքիստական  ծրագրեր իրականացելու համար, այս առումով Թուրքիայի համար կարևոր է  Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքը:


Թուրքիայի գերագույն նպատակն է  ոչ միայն ստանալ այդ միջանցքը, նաև Սյունիքը դարձել թուրքական տարածք, կարևոր չէ նրա համար՝ դա կլինի ազերիական, թե թուրքական, դրանով իսկ Թուրքիան կլուծի իր  պանթուրքիստական գերագույն նպատակը»,- ասաց նա:


Ռ.Սաֆրաստյանն ընդգծեց՝ Թուրքիայի համար շատ կարևոր հանգամանք է Հայաստանը. «Այս պայքարում, որ հիմա մղում է  տարածաշրջանում նոր ստատուս քավոյի համար, Թուրքիայի տեսլականը Հայաստանի մասին պետք է փորձենք հասկանալ, ինչ նպատակ ունի Թուրքիան մեր պետության հետ կապված: Երկու նպատակ կա Հայաստանի հետ կապված՝ մաքսիմումն արտահայատված է այն գաղտնի հրամանում, որը տրվել էր Կարաբեքիրին  1920 թ. նոյեմբերի 8-ին, որտեղ գրված է՝  Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի: Գերագույն նպատակն է  Թուրքիայի՝ վերացնել հայկական պետականությունը:


Երկրորդն ավելի «մեղմ, համեստ» նպատակ է՝ տեսնել Հայաստանը որպես Թուրքիայի վասալ պետություն, այսինքն, ըստ էության, նույնն է՝ վերացնել հայկական պետականությունը ձևաբանորեն, թողնելով մի պետություն, որը կլինի Թուրքիայի ազդեցության ներքո:


Այս նպատակներն է հետապնդում Թուրքիայի դիվանագիտությունը»:


Իրանը՝ նոր խաղացող


Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ի տարբերություն 1920-21 թթ., տարածաշրջանում տեսնում են մի նոր խաղացող, որն Իրանն է:


«Այս երկիրը ուշ մտավ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ոլորտ: Պատերազմի ժամանակ իրանական դիվանագիտությունը բավական իներտ էր, բայց հետագայում, երբ տեսավ վտանգը, սկսեց ակտիվորեն ներգրավել տարածաշրջանային զարգացումների մեջ»,- ասաց բանախոսը:


Ըստ նրա, ի տարբերություն 100 տարի առաջվա, այս անգամ Հայաստանի  դիրքերն ավելի բարենպաստ են, քանի որ կա Իրանը՝ որպես տարածաշրջանային զարգացումներում դերակատարում ստանձնող  պետություն, որը հանդես է գալիս, ըստ էության, որպես Հայաստանի դաշնակից:


«Իրանը վերջին շրջանում ակտիվացրեց իր դիվանագիտությունը տարածաշրջանում: Իրանցիները հասկացան, որ սխալ են թույլ տվել պատերազմի ժամանակ, հիմա  հանդես եկավ շատ կոնկրետ առաջարկով՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհը  դեպի ՌԴ, Եվրոպա,  Հունաստան և Բուլղարիա:  Փաստորեն, Իրանի այս նախաձեռնությունը հնարավորություն է  տալիս մեր դիրքերը տարածաշրջանում ուժեղացնել:


Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սկիզբ դնելու աշխարհաքաղաքական մի գործընթացի, որն իր նախադեպը չի ունեցել՝ այսինքն Հնդկաստանը հրավիրել մասնակցելու այս մեր աշխարհաքաղաքական իրադարձություններին,- ասաց ակադեմիկոսը:


3+3  նախաձեռնություն


Անդրադառնալով Թուրքիայի կողմից առաջ քաշված 3+3  նախաձեռնությանը՝ 3 հարավկովկասյան երկրները, 3 արտահարավկովկասյան երկրներ՝ Թուրքիա, ՌԴ, Իրան, պետք է կնքեն որոշակի համաձայնագիր՝ դրանով բացելով հարաբերությունների կարգավորման դարաշրջան մեր տարածաշրջանում, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ իրականում այս նախաձեռնությունը դիվանագիտական միջոց է Թուրքիայի նպատակներին հասնելու համար:


«Թուրքիան,  չկարողանալով իր զինված ուժերը տեղակայալ մեր տարածաշրջանում, այս նախաձեռնությամբ փորձում է դիվանագիտական միջոցներով ազդել տարածաշրջանի իրադրության վրա, փաստորեն նաև Արցախյան հիմնահարցի կարգավորման փուլի վրա, որ պետք է սկսվի,  քանի որ նրան թույլ չեն տալիս մաս կազմել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահողների, փորձում է այսպես սղոսկել այդ կարգավորման գործընթացի մեջ»,- ասաց պատմաբանը:


Հայաստանը՝ նոր ստատուս քվոյի համար պայքարում


Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է՝ նոր ստատուս քվոյի համար պայքարում Հայաստանը,  նաև համայն հայությունը, պետք է  կարողանան ճիշտ կողմնորոշվել, դիրքորոշումը հստակ ձևակերպել, ամենակարևորը՝ Հայաստանը պետք է ամրացնի պետականությունը, վերականգնի Զինված ուժերը, սուբյեկտայնությունը  միջազգային հարաբերություններում:  Սրանք, ինչպես Կանտը կասեր, կատեգորիկ իմպերատիվ են:


«Մենք Արցախյան վերջին պատերազմում մեկուսացվել էինք: Աշխարհը հիմնականում  ուշադրություն չդարձեց մեզ վրա, չնայած այն բոլոր ջանքերին, որոնք սփյուռքը գործադրեց: 
Ինչո՞ւ: Որովհետև մենք ճանաչելի չենք աշխարհին, մենք մեր առանձնահատկությամբ հանդես չենք գալիս, պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ Հայաստանը  ներկայացնել որպես մի պետություն, որը դարեր շարունակ արժեքներ է  ստեղծել և այդ արժեքները մասն են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա է կարևոր, մենք պետք է ճանաչելի լինենք աշխարհում, բայց դա չի արվել, պետք է հիմա արվի»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը՝ ներկա պայմաններում շատ կարևորելով համագործակցությունը սփյուռքի հետ:


Նա վստահ է, որ պետք է միասնական ճակատով հանդես գալ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր դիմակայել այն բարդ մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի առջև:


Ադրբեջանը՝ Թուրքիայի կողմից կլանման վտանգի ներքո


Պատմաբանի խոսքով, Ադրբեջանը, ըստ էության, գնաց համագործակցության Թուրքիայի հետ և կանգնած է Թուրքայի կողմից կլանման վտանգի ներքո:


«Իհարկե, Ադրբեջանում կա էլիտայի այնպիսի խմբավորումներ, որոնք կապված են Ռուսաստանի հետ:  Ես կարծում եմ՝ պայքարը հանուն Ադրբեջանի՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև, դեռևս ավարտված չէ: Ռուսաստանը կփորձի որոշակի փուլում ակտիվացնել վերնախավային խմբերին, բայց ներկա փուլում կարելի է  ասել, որ Թուրքիան այս դեպքում էլ հասավ իր նպատակներին: Դրա սիմվոլիկ  արտահայտումն է, որ թուրքական բանակի 4 գեներալ երկարաժամկետ գործուղվեցին Ադրբեջան և դրա մասին հայտարավեց»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:


Վրաստանի դերը տարածաշրջանում


Ռ. Սաֆրաստյանի գնահատմամբ, Վրաստանի դերը տարածաշրջանում յուրահատուկ է: Ըստ նրա 2008 թվականին Վրաստանն աշխարհաքաղաքական առումով սխալ գործեց՝ փորձելով արագացանել տարածաշրջանի արևմտականացման գործընթացը. «Զինված  ուժեր կիրառելով Հարավային Օսիայում՝դա հանգեցրեց ՌԴ շատ կտրուկ պատասխանին: Դա Վրաստանի սխալն էր՝ չկարողացավ հասկանալ, որ  ՌԴ-ն կտրուկ կպատասխանի, իսկ Արևմուտքը չի միջամտի»:


Ակադեմիկոսի կարծիքով, Վրաստանի ներկայիս իշխանությունից դասեր է քաղել ու փորձում է ավելի զգուշավոր քաղաքականություն  վարել տարածաշրջանում, իր նիշան գտնել, ուզում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև: Սակայն չի կարծում, որ այդ միջնորդական գործունեությունը  հեռանկար ունի:


Նոր գործընթաց՝  Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում


Ռ. Սաֆրաստյանն ասաց, որ Արցախյան պատերազմին Արևմուտքը չմիջամտեց, եղան հայտարարություններ, բայց իրական միջամտություն տեղի չունեցավ:


«Հիմա մենք մի նոր գործընթաց ենք տեսնում՝ Արևմուտքը փորձում է Մինսկի խմբի միջոցով՝ ԱՄՆ, Ֆրանսիա, որոշակի ազդեցություն ստանալ Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում:


Կարծում եմ՝ դա դրական է, մանավանդ Ռուսաստանն էլ է այդ մոտեցման կողմնակիցը: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանն իր ակտիվ դերակատարումն ունենա այստեղ»,- իր զեկույցում ասաց  ԳԱԱ ակադեմիկոս,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր