Պահանջում են հերոս տղերքի ընտանիքի անդամները՝մինչեւ նոյեմբերի 10-ը տալ պատասխանները

1. Մինչեւ նոյեմբերի 10-ը հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անունները եւ այն վայրը, որտեղից նրանք զորակոչվել են:
2. Անհապաղ աշխատանքներ իրականացնել ռազմաճակատի գիծը պատշաճ մակարդակի բերելու, ինժեներական անհրաժեշտ կառույցներ ստեղծելու եւ մեր զինվորներին եւ սպաներին վրանային պայմաններից ազատելու համար:
3. Անհապաղ բոլոր գերիներին վերադարձնել Հայաստան, առանց դրա դիմաց լրացուցիչ զիջումների, հատկապես տարածքային զիջումների:
4. Ջանքեր գործադրել Գորիս-Կապան մայրուղուց հեռացնել ադրբեջանցի բոլոր տեսակի զինված ծառայողներին եւ քաղաքացիական անձանց, միաժամանակ հրաժարվել պնդումներից, թե նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում:
5. Ազգային ժողովում ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ ընդդիմության ներկայացուցչի ղեկավարությամբ, հակառակ դեպքում կազմակերպել հանրային ատյան, պատերազմական հանցագործությունները վեր հանելու եւ դատավճիռ իրականացնելու համար:
6. Պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին (ծնողներ, ամուսին, երեխաներ), պատերազմում հաշմանդամություն ստացածներին եւ պատերազմի մասնակիցներին տրամադրել հատուկ կարգավիճակ՝ դրանից բխող լայն արտոնությունների թվարկումով:
7. Կոնդի պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում զոհվածների ընտանիքներին միջազգային մակարդակի վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:
8. Հստակ պատասխան տալ, թե պատերազմի օրերին Ստեփանակերտի ռազմական կառավարման կետում՝ բունկերում ինչ էին անում Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը, Արգիշտի Քյարամյանը եւ այլ քաղաքացիական անձինք, եւ ում հրամանով էին նրանք այնտեղ:
Այս ամենով հանդերձ, մենք գիտակցում ենք, որ երկիրը կարող է ոտքի կանգնել, ուղղել ողնաշարը, բռնել վերականգնման եւ զարգացման ճանապարհը բացառապես երկիրը պարտության եւ աղետի տարած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում:
«Ճշմարտություն սերունդների համար»
22․10․2021թ.