Զինված անձինք գումար ու ոսկի են պահանջել երիտասարդի մորից, նրանցից մեկը տան բակում կրակել է երիտասարդի ուղղությամբ
![](https://armenpress.am/static/news/b/2017/08/901289.jpg)
Հ ոստիկանության Տաշիրի բաժինը Տաշիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՔԿ–ի` նույն օրը՝ ժամը 02։30-ին, վերջինիս մայրը ոստիկաններին հայտնել է, որ նշված օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, երկու դիմակավորված և զինված անձ մուտք են գործել իրենց տուն, հարցրել են որդու գտնվելու վայրը և գումար ու ոսկի պահանջել: Ստանալով բացասական պատասխան՝ նրանցից մեկն ինքնաձիգի խզակոթով հարվածել է կնոջ ճակատին, իսկ մյուսը բարձրացել է երկրորդ հարկ։ Քիչ անց, երբ որդին վերադարձել է, նրանցից մեկը տան բակում կրակել է որդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավազակություն, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով), 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս մայրը հարցաքննվել է, առգրավվել են դեպքի պահին նրանց կրած հագուստները։