Տեսանյութ.Անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս հափշտակել է 3.430.000 ՀՀ դրամ
![](https://panorama.am/news_images/865/2592695_1/f61837a8e93b55_61837a8e93b9c.thumb.jpg)
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար:
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:
Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: