Հայաստանի նախագահը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին.Լավ կլիներ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ

«Ցանկալի կլիներ լուծել Ադրբեջանի հետ խնդիրները, թեեւ դա բարդ խնդիր է։ Լավ կլիներ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի դժվար է։ Ի վերջո, ինչպե՞ս կարելի է մոռացության տալ պատմությունը։ Իսկ պետությունն իր որոշումների համար պատասխանատու է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ մի քանի անգամ ավելի մեծ հայության առջեւ։ Եվ այս մարդիկ վաղը կարող են շատ զգայուն հարցեր տալ»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Հարցին` արդյոք նա հնարավոր է համարում հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ արդեն ամեն ինչ ընդմիշտ կորած է, նախագահը նշել է. «Պատասխանը տրիվիալ է. ոչինչ հավերժ չէ. ոչ վերջնական հաղթանակ, ոչ վերջնական պարտություն։ Այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Օրինակ՝ Ֆրանսիան ու Գերմանիան մի քանի հարյուր տարի կռվել են իրար հետ, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Առաջին հերթին հայտնվեց հանդուրժողականություն` հավատքի, մշակույթի, շփման նկատմամբ։ Եթե դա այդպես չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները կշարունակվեին դեռ մեր օրերում։ Կարծում եմ, որ նախաձեռնությունն այս դեպքում պետք է լինի Թուրքիայի կողմից: Հանդուրժողականություն` մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատքի, եկեղեցու եւ մնացած ամեն ինչի իմաստով։ Առանց դրա, առանց միմյանց նկատմամբ հարգանքի, ոչինչ չի ստացվի»: