Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

09 նոյ 2021 12:27

ՌԴ֊ն և Թուրքիան պատերազմելու են Արցախում, և մենք պետք է արագ զինվենք, ինքնակազմակերպվենք և պատրաստվենք առաջիկա մարտահրավերներին

Արցախյան վերջին պատերազմից հետո Այսրկովկասում իրավիճակը կտրուկ փոխվել է։

Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի հետագա զարգացման վրա. այս հարցերի շուրջ yerkir.am-ը զրուցել է լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանի հետ։

-Պարո՛ն Հոխիկյան, ուժերի ինչպիսի՞ դասավորություն է տարածաշրջանում Արցախյան վերջին պատերազմից հետո: Մասնավորապես, Թուրքիան, կարծես, բավականին ամրացրել է դիրքերը:

-2020 թ․ 44 օրյա պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր զորքերը տեղակայել Իրանի գրեթե ողջ հյուսիսային սահմանին մոտ և շրջափակել Հայաստանի հարավային և կենտրոնական շրջանները։ Միաժամանակ տարածաշրջանում հաստատվեցին ռուսական զորքերը, որոնք լավագույն դեպքում Հայաստանի և Թուրքիայի սահմանին էին, իսկ պատերազմից հետո հաստատվեցին նաև Արցախում և Սյունիքում։ Կարող ենք նշել, որ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ուժեղացրեց նաև Իրանը՝ զորքեր կուտակելով հյուսիսային շրջաններում՝ նկատի ունենալով Ջրականի և Կովսականի հատվածներում ադրբեջանաթուրքական զորքի հնարավոր ագրեսիան։ Դրան զուգահեռ՝ տեղեկություններ կան, որ Արցախի հարավային գրավյալ շրջաններում են տեղակայվել իսրայելական զինված ուժեր՝ գործելու ընդդեմ Իրանի։

-《Զանգեզուրի միջանցքի》 բացման պարագայում Թուրքիան կարո՞ղ է իրագործել իր դարավոր երազանքը։ Խոսքը պանթուրքիզմի ծրագրի մասին է։
 
-Ես առաջարկում եմ զերծ մնալ ադրբեջանաթուրքական տերմիններից։ Թեպետ Զանգեզուրը բուն հայկական տեղանուն է, բայց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը գործածության մեջ է դրվել մեր թշնամու կողմից, և եթե այն մտնի մեր բառապաշար, ապա դա կնշանակի, որ մենք կամա թե ակամա ընդունում ենք թշնամու խաղի կանոնները։

Վերադառնալով հարցին։ Եթե տեսականորեն համարենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած միջանցքը կյանքի կոչվի, ապա Հայաստանի հարավը կարճ ժամանակ անց կանջատվի մեր պետությունից, իսկ Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն՝ ձգտելով ավերիչ հարված հասցնել նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը։ Չմոռանանք, որ հենց Հայաստանն է խանգարում Թուրքիային՝ ցամաքային կապով հասնելու մինչև Ուրալյան լեռներ, Ղազախստան և Տիբեթ՝ թյուրքական նախահայրենիք։
 
-Հայաստանյան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանությունը այլ բան է պնդում։ Մենք նաեւ ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը սպառնում Երեւանին, և Սյունիքի հանդեպ իր ոտնձգություններն ու մնացած ամենը մնում են անպատասխան: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, որքանո՞վ են մեր շահերը ոտնահարված նման պարագայում:

-Ադրբեջանն, իհարկե, չի կարողանա կարողանա միայնակ կամ նույնիսկ Թուրքիայի օգնությամբ գրավել ՀՀ Սյունիքի մարզը, եթե չլինեն տարածաշրջանային պայմանավորվածություններ։ Այս պահին Հայաստանի պետական շահերը ամբողջովին ոտնահարված են, քանի որ չկա այդ շահերը սկզբունքորեն առաջ տանող իշխանություն, և հայկական հարցերը քննարկում ու որոշում են տարածաշրջանային ու համաշխարհային գերտերությունները։
-Պատկերացնենք, եթե կոմունիկացիաների ապաշրջափակում, այնուամենայնիվ, լինի, և ըստ Ադրբեջանի պահանջների, նրան հանձնվեն ,այսպես կոչված, անկլավները, ինչպիսի՞ լուրջ խնդիրների առջև է կանգնում Հայաստանը։

-Նախ այդ դեպքում Հայաստանը վերջնական կկորցնի իր անկախությունը և ինքնիշխանությունը։ ԽՍՀՄ տարիներին այդ անկլավները հատուկ են նշվել այդ հատվածներում, որպեսզի վերահսկող դեր կատարեն Հայաստանի միջազգային մայրուղիների վրա։ Եթե մի պետության հիմնական մայրուղիները հսկում է այլ պետություն, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի ինքնիշխանություն։ Անկլավները Ադրբեջանին հանձնելը անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցության վերականգնելուն, ապա դա նորմալ և ցանկալի երևույթ է, բայց քիչ հավանական։

Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է վերջնական մեկուսացնել և ծնկի բերել Հայաստանը, դուրս մղել Ռուսաստանը մեր տարածաշրջանից, տիրանալ Իրանի հյուսիսային շրջաններին։ Տրանսպորտային հաղորդակցությունը թույլ չի տա, որ իրականություն դառնան մեր թշնամու նպատակները։

-Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին բազմաթիվ լարված պահեր են ունեցել, բայց վերջին զարգացումների ֆոնին, կարծես, նոր մերձեցման ենք ականատես լինում: Թեպետ այս ամենը կարող է նաեւ թվացյալ մերձեցում է՝ ակնհայտ է, որ ամեն մեկն իր շահն ունի մեր տարածաշրջանում: Ինչպիսի՞ն է իրավիճակը:

-Այս պարագայում Ռուսաստանը և Թուրքիան խաղում են Նապոլեոնի սիրած քաղաքական խաղը՝ թշնամուն խեղդիր սեփական գրկի մեջ։ Երկու մրցակից պետությունները լուրջ նկրտումներ ունեն մեր տարածաշրջանում, երկուսն էլ ձգտում են հնարավորինս շատ ռեսուրսների տիրանալ, բայց վախենում են միմյանցից, ահա թե ինչու փորձում են միմյանց ժպտալու և կարծեցյալ համագործակցության անվան տակ թիկունքից ոչնչացնել միմյանց։ Վստահ եմ, որ հենց Արցախում կարճ ժամանակ անց Ռուսաստանը և Թուրքիան կսկսեն պատերազմել միմյանց դեմ։ Գուցե դա լինի հիբրիդային, այլ ուժերի օգտագործելով, բայց որ դա կլինի հանուն ռեսուրսների ու տարածքների պայքարի, կասկածից վեր է։ Այդ պարագայում մենք պետք է հնարավորինս արագ զինվենք, ինքնակազմակերպվենք և պատրաստվենք առաջիկա մարտահրավերներին։ Դա մեզ կօգնի անհրաժեշտության դեպքում ոչ միայն պաշտպանել սեփական տարածքը, այլև ազատագրել այն, ինչ գրավել է թշնամին։ Դա հնարավոր է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր