Տեսանյութ. Նոյեմբերի 9–ին զանգեց՝ չհավատաք՝ ինչ կխոսեն, մենակ տեսնես, թե ոնց են փախնում, մորթում ենք, շան պես փախնում են. պատմում է զոհված սպայի այրին
![](https://i.ytimg.com/vi/G3xQmbigIsI/maxresdefault.jpg)
«Հոկտեմբերի 1-ին արդեն Մարտունի-3-ում էր: Զոհվել է նոյեմբերի 9-ին, հրադադաևրից մի քանի ժամ առաջ: վերջին զանգը եղել է երեկոյան 6.40: Երբեք չեմ մոռանա այդ խոսքերը, որ ասաց՝ Հաս, չհավատաք՝ ինչ կխոսեն, մենակ տեսնես, թե ոնց են փախնում, մորթում ենք, շան պես փախնում են: Ու դրանից մի քանի ժամ հետո եղավ այդ չարաբաստիկ հրադադարը»,- «Եռաբլուր» պանթեոնում, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդի այրին՝ Հասմիկ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վերջին օրերին Մարտունի-3-ում անընդհատ օդային հարձակումներ են եղել եւ Էդուարդը զոհվել է «բայրաքթարի» հարվածից:
«Ինքը կապավոր էր, բայց այդ ողջ ընթացքում եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, իսկ վերջին 10-15 օրը, երբ հրամանատարը զոհվել է, ինքն է եղել հրամանատարը: Պատմում են, որ իր հոր պես է վարվել զինվորների հետ: Ասում էր՝ իմ երեխեքն են, ես ո՞նց թողնեմ, գամ: Ու երբ խոսքի մեջ ասում էին՝ բա քո՞ երեխան, փախի, արի, ասում էր՝ ես հո լակոտ չեմ, բա էս երեխեքին ո՞ւմ թողնեմ»,-պատմեց կինը՝ հավելելով, որ Էդուարդը լռակյաց էր, երբ խոսքը վերաբերում էր բանակին:
«Ես երեխայիս որոշեցի ճիշտը ասել, լացեց, բայց մեծի պես տարավ: Ինձ երեխան է ուժ տալիս, որ ապրեմ: Մենք ինչպես որոշել էինք Էդոյի հետ երեխայի հետ կապված, ես նույնը շարունակում եմ, ուղղակի այդ ամենը ես անում եմ մենակ, ոչ թե Էդոյի հետ»,-ասաց կինը:
Անդրադառնալով հրադադարին, նա ասաց. «Երբեմն փառք եմ տալիս էս զոհերին, որ գնացին ու չտեսան, թե ինչ կատարվեց: Իրենք հաղթանակած գնացին, ոնց որ Էդոն էր ասում՝ տեսնես, ոնց են փախնում»: