Ադրբեջանի «մեծագույն հաղթանակն» ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է.Հայկական Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն է կառուցվելու
«Առաջարկում ենք թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն կառուցել Շուշիում՝ Ղարաբաղում, որը թյուրքական աշխարհի անբաժան մաս է հանդիսանում»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թյուրքական մշակույթի ու ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևան Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում ունեցած ելույթում, հաղորդում է ադրբեջանական Report-ը։
«Ադրբեջանի «մեծագույն հաղթանակն» ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, քանի որ այն միավորել է ամբողջ Թյուրքական աշխարհը։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ հոգևոր աջակցությունն ամբողջ աշխարհի համար դարձավ իրական եղբայրության ու բարեկամության օրինակ»,-ասել է Էֆենդիևան։ Նա նշել է, որ Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում։
«Այդ կենտրոնը կդառնա մեր պատմության, մշակույթի ու ժառանգության միաձուլման վայր, կդառնա մեր համերաշխության խորհրդանիշերից մեկը, մեր հավերժական եղբայրության նոր ապացույցը»,- հայտարարել է նա։
Նշենք, որ սեպտեմբերին էլ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։