Թուրքիայում դրոններ չեզոքացնող համակարգ է փորձարկվել.Կամիկաձե անօդաչու դրոնը ԱԹՍ-ների հայտնաբերման եւ ոչնչացման համակարգերի լայն շրջանակի մաս է կազմում
Թուրքիայում դրոններ չեզոքացնող համակարգ է փորձարկվել: Կամիկաձե անօդաչու դրոնը, որը կօգտագործվի դրոններից սպառնալիքներին դիմակայելու եւ դրանք չեզոքացնելու համար, հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը եւ պատրաստ կլինի մատակարարման համար 2022 թվականի սկզբին, հայտնում է Sabah-ը։
Համակարգը, որը ստացել է Fedai անվանումը, ստեղծվել է թուրքական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությամբ: Անօդաչու թռչող սարքը ԱԹՍ-ների հայտնաբերման եւ ոչնչացման համակարգերի լայն շրջանակի մաս է կազմում, որոնք մշակվել են Havelsan-ի եւ Transvaro-ի կողմից:
Transvaro-ի գործադիր կոմիտեի անդամ Գուրայ Ալի Քանլին ասել է, որ մեծ պահանջարկ ունի տրանսպորտային միջոցի վրա տեղադրվող տարբերակը: «Մենք համաշխարհային շուկային բեռնատարի տեսքով հայեցակարգ ենք առաջարկում՝ արձակման երեք համակարգով, մեկ հրամանատարական համակարգով, մեկ ռադարով, խցանման համակարգով եւ ջերմացույցային տեսախցիկով հինգ ավտոմեքենայից բաղկացած խմբով»,- պարզաբանել է նա:
Քանլին ասել է, որ, Հարավարեւելյան Ասիայի երկրում պրոդուկտի պահանջարկի համաձայն, իրենք սկսել են աշխատել մոդելի վրա, որը կարող է հասնել մինչեւ 5000 մետր բարձրության: «Մենք այն Fedai 102 ենք անվանել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ փորձարկումները շարունակվում են: