Եվս մեկ անհեթեթ սուտ իմ մասին.Հայկ Սարգսյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Քանաքեռցի Տույի սպանության օրը եղել է դեպքի վայրում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է շրջանառվող լուրերն առ այն, որ Քանաքեռում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների ժամանակ ինքը եղել է դեպքի վայրում։ Հերքման տեքստը պատգամավորը տարածել է ֆեյսբուքյան իր էջում.
«Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։
Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես եղել եմ դեպքի վայրում։
Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ»-ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․
1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։
3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։
4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։
5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են դա․ ՀԱՊԿ-ի պաշտոնական հոդվածը՝ https://paodkb.org/.../parlamentarii-odkb-nachali...
Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։
Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը»,- գրել է Սարգսյանը։