Փաշինյանի նախկին թիմակիցն ահազանգում է.Վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ Փաշինյանն այսօր Սոչիում ՀՀ-ի և Արցախի համար ճակատագրական փաստաթուղթ է ստորագրելու.
Նա մասնավորապես գրել է.
«Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Փաշինյանը նշել է, որ դա փոխվել է երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է:
Իսկ դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը: Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից:
Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը իսկապես կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»։