Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

25 դեկ 2021 12:18

Կարևոր է, որ հայկական նոր ատոմակայանը կառուցելու է ռուսական ընկերությունը.Նոր ատոմակայանը կարող է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ՀՀ-ը դարձնել Անդրկովկասի առաջատար

etpress.ru-ն «Նոր աշխարհաքաղաքական գործոն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ բանակցում են ռուսական GeoProMining հանքարդյունաբերական ընկերության սեփականատեր Ռոման Տրոցենկոյի հետ երկրում նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Այն կփոխարինի ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի հին ատոմային էներգաբլոկին։ Հիշեցնենք, որ ատոմակայանը շահագործման է հանձնվել ուղիղ 45 տարի առաջ՝ 1976 թվականի դեկտեմբերին։ Անդրկովկասում միակ գործող այդ տեսակի էներգետիկ կայանը գտնվում է Երևանից 30 կմ դեպի արևմուտք, հայ-թուրքական սահմանից ոչ հեռու։


1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ատոմակայանը փակվել է։ 1995 թվականին ռուս մասնագետների մասնակցությամբ այն վերագործարկվել է և այսօր ապահովում է երկրի տարեկան էլեկտրաէներգիայի 30-35 %-ը։ Ատոմակայանի սկզբնական շահագործման ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն, հաշվի առնելով դրա բացառիկ նշանակությունը երկրի տնտեսության համար, 2014 թվականին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է պայմանագիր, որով ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը։ Միաժամանակ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ազգային էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրին, որը նախատեսում է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգում, ինչպես նաև «Ռոսատոմի» հետ համատեղ նոր ատոմակայանի կառուցում՝ ի դեմս իր կապալառու «Ռուսատոմ սերվիսի»:


Բնականաբար, Մեծամորի ԱԷԿ-ի օգտագործման ռեսուրսն անսահմանափակ չէ։ Հայաստանն արդեն հայտարարել է նոր ատոմակայան կառուցելու ցանկության մասին, և Մոսկվան համաձայնել է օգնել և արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ «Ռոսատոմի» ծառայության վարչության պետ Յուրի Սվիրիդենկոյի խոսքով, «Ռոսատոմը» և Հայաստանի կառավարությունը հուշագիր են մշակում երկրում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Խոսքը փոքր հզորության ռեակտորի մասին է, որը պետք է կառուցվի մինչև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը։ Սվիրիդենկոն նաև նշել է, որ «Ռոսատոմը» «կմասնակցի ներկայումս գործող կայանի տեխնիկական շահագործման գործընթացին և դրա անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը, ինչպես նաև ռեակտորի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու առաջադրանքի կատարմանը»:


Այսինքն, ըստ երևույթին, նոր ատոմակայանը կկառուցվի մինչ այդ թվականը։ Ակնհայտ են նոր ատոմակայանի կառուցման տնտեսական օգուտները: Նախ՝ կայանը կշարունակի մնալ երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Երկրորդ հերթին՝ տնտեսական կապերի խզման և Խորհրդային Միության փլուզումից հետո շրջափակման հետևանքով սեփական արդյունաբերության զգալի անկման պատճառով ու իր տարածքում ատոմակայանի առկայության շնորհիվ Հայաստանը դարձել է երկիր, որն ընդունակ է արտադրել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան անհրաժեշտ է իրեն, ինչը հնարավորություն է տալիս արտահանել ավելցուկը: Այսօր դրան խանգարում է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը։ Իսկ իրանական գազի՝ հայկական էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծավալը մեծ չէ:


Հաշվի առնելով տարածաշրջանում հնարավոր նոր աշխարհաքաղաքական իրողությունները (տարածաշրջանային լոգիստիկայի վերականգնում)՝ նոր ատոմակայանը կարող է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում Հայաստանը դարձնել Անդրկովկասի առաջատար։ Իսկ Ռուսաստանի համար, կարծես, առաջնային նշանակություն ունի հայկական նոր ատոմակայանի կառուցման աշխարհաքաղաքական գործոնը։ Թուրքիայում՝ Ակկույուի, Իրանում՝ Բուշերի և Հայաստանում՝ Մեծամորի ԱԷԿ-ների առկայությունը ստեղծում է ռուսական ազդեցության բավականին կայուն «աշխարհաքաղաքական եռանկյունի» Արևմտյան Ասիայի հսկայական տարածաշրջանում: Այդ կոնֆիգուրացիան մեծացնում է այս երկրների կախվածությունը Մոսկվայից և միևնույն ժամանակ ընդլայնում է Ռուսաստանի հնարավորությունները ոչ միայն նրանց, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների վրա ազդելու առումով։ Կարևոր է նաև այն, որ հայկական նոր ատոմակայանը կառուցելու է ռուսական ընկերությունը, որը պատկանում է ռուս հայտնի գործարար Ռոման Տրոցենկոյին։


Ըստ իրազեկ աղբյուրների, նա մտերիմ է Ռուսաստանի բարձրագույն քաղաքական շրջանակների հետ։ Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում նա Սոթքի ոսկու հանքի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը կամ հիմնական բաժնետերն է։ Որպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր (վերջերս ստանալով ընկերության բաժնետոմսերի 60 %-ը՝ իր բաժնետոմսերի 25 %-ը նվիրել է Հայաստանի կառավարությանը)՝ Տրոցենկոն նախատեսում է Հայաստանում պղնձաձուլական գործարան կառուցել։ Նրա խոսքով, GeoProMining-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել երկրի հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև 1,5 մլրդ դոլար՝ պղնձաձուլական նոր գործարանի կառուցման համար։ Նոր ատոմակայանի կառուցումը վերը նշված ծրագրի մասն է կազմում։


Ինչպես նշել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ նախագահ Վահե Դավթյանը, «Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը կապելով պղնձաձուլարանի ստեղծման հեռանկարի հետ՝ «Ռոսատոմը» մի կողմից՝ ընդգծում է Մոսկվայի դերը Հայաստանի արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ ձևավորման գործում, իսկ մյուս կողմից՝ պետական կորպորացիան Ռուսաստանին դիրքավորում է որպես աշխարհաքաղաքական կարևոր դերակատար տարածաշրջանում, հատկապես Սյունիքում, որի շուրջ լարվածությունը չի դադարում աճել վերջին ամիսներին»։


Եվ միանգամայն բնական է, որ պարոն Տրոցենկոյի հզոր հանքարդյունաբերական «կայսրությունը» ի վիճակի է Մոսկվայում լոբբինգի ենթարկել Հայաստանի շահերը։ Այսպիսով, հայկական կողմը կարող է ձեռք բերել լծակ, որի շնորհիվ հնարավոր կլինի փորձել որոշակիորեն թուլացնել ռուսական էլիտայի նկատմամբ ազդեցության այն «մենաշնորհը», որը ներկայումս պատկանում է Բաքվին։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր