«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

21 փետ 2022 10:18

Սպանված 3 զինծառայողները բազմաթիվ այլ վնասվածքներ են ունեցել, նրանցից մեկն արնաքամ լինելով է մահացել

2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ,  զինծառայողներից  մեկի կողոսկրերը կոտրված են եղել, նա մահացել է արնաքամ  լինելով: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մանրամասներ հայտնեց դատաբժշկական փորձաքննությունից, որն ավարտվել էր օրեր առաջ:

Փաստաբանի խոսքով` դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հերքում է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել եւ մահացել են հրազենային վիրավորումից:

«Ակնհայտ է, որ զինծառայողների մարմնի տարբեր մասերին բութ առարկաներով հարվածներ են հասցվել և ակնհայտ է, որ մեկ կամ երկու անձ չէին կարող միանգամից երեք զինծառայողի այդ կերպ վնասել, մենք գործ ունենք խմբակային հարձակման հետ։ Այլևս անհերքելի փաստ է նաև, որ զինծառայողներից մեկը շուրջ մեկ օր ողջ է եղել և արնաքամվել, որից հետո ստացել մահացու հրազենային վիրավորում և կարճ ժամանակ անց մահացել: Դատաբժիշկը նշել է հետևյալ կերպ. մահը վրա է հասել փորձաքննությունը կատարվելուց մոտ 13-15 ժամ առաջ, հրազենային վիրավորում ստանալուց հետո որոշակի կարճ ժամանակ անց։ Փորձաքննությունը սկսվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին։ Այստեղից հետևություն, որ մահը վրա է հասել օգոստոսի 19-ին՝ ժամը 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ` մահացու հրազենային վիրավորում ստացել է նշված ժամին, քանի որ մահը վրա է հասել այդ վիրավորումից որոշակի կարճ ժամանակ անց։ Երրորդ`ներքին օրգանների սակավարյունություն է արձանագրվել, այսինքն՝ արնաքամվել է։ Եզրահանգում եմ վերոգրյալ փաստերի հիման վրա, որ ի թիվս այլ վնասվածքների՝ մահացու հրազենային վնասվածքը Լևոն Հարությունյանին պատճառվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 20։00-22։00, այսինքն՝ դեպքից 18-20 ժամ հետո»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` բացի դատաբժշկական փորձաքննությունից մի քանի այլ փորձաքննություններ են արվել, որոնցով բացառվել է զինծառայողների օրգանիզմում թմրանյութեր, հոգեմետ նյութեր կամ ալկոհոլային ազդեցությունը, նաեւ սեռական բռնության ենթարկելու փաստը:

«Մինչ այս փորձաքննությունը մի քանի փորձաքննություն արվել է, պարզվել է, որ զինծառայողների օրգանիզմում թմրանյութեր, հոգեմետ նյութեր կամ ալկոհոլային ազդեցություն բացառվում է, դեռևս հագուստների և զենքերի փորձաքննություն չի իրականացվել։ Իսկ զենքերի գենետիկական փորձաքննություն նշանակված չի եղել, միջնորդել եմ, մերժել է քննիչը, պիտի բողոքարկեմ գլխավոր դատախազին։ Այսինքն՝ այն վարկածը, թե միջանձնային խնդիրներ են եղել, հարբած են եղել, թմրանյութ օգտագործած են եղել, ինչպես որ քննիչը հարազատներին է ասել, հերքվեց։ Նաև սեռական բռնությունն է բացառվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր