Ռուսական նավատորմն իրավունք ունի անցնելու թուրքական նեղուցներով, նույնիսկ երբ այն փակ է. Չավուշօղլու

«Ուկրաինան մեզ պաշտոնական խնդրանք է ներկայացրել փակել նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար: Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց պարզ և հստակ են: Մինչև այսօր Թուրքիան չի վարանել կատարել Մոնտրոյի կոնվենցիան: Երբ Թուրքիան պատերազմի կողմերից չէ, կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով: Այնուամենայնիվ, Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա նրանց պետք է թույլ տալ»,-նախարարի խոսքերն է մեջբերել Hürriyet թերթը։
Չավուշօղլուի խոսքով՝ թուրք մասնագետներն ուսումնասիրում են այդ հարցը, և եթե «ռազմական դրությունը պաշտոնապես ընդունվի, ապա այդ գործընթացը կսկսվի»։ «Եթե մենք դա ընդունենք, ապա կարգելենք ռազմանավերի անցումը, բայց Ռուսաստանը իրավունք կունենա նավերը վերադարձնելու իրենց բազաները։ Իհարկե, այս ամենի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը որակի որպես «պատերազմ»,-պարզաբանել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը։
Հինգշաբթի օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը կոչ է արել Անկարային սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով։