Թբիլիսիում պահանջում են վարչապետի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով. Զելենսկին շնորհակալ է վրացիներից
Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցութունների անդամներն ու նրանց համախոհները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։ Պատճառն ուկրաինական հարցում նրա դիրքորոշումն է։ Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։
«Հեռացի՛ր»,-վանկարկել են Վրաստանի կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներն ու նրանց միացած հասարակական, քաղաքական գործիչներն, ակտիվիստները, շարքային քաղաքացիները։
Հրաժարականի կոչերը զուգորդվել են Ուկրաինային աջակցող կարգախոսներով։ Ցուցարարները պաստառներ և դրոշներ են ծածանել՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի։
Հավաքը, չնայած բազմամարդ լինելուն, չի ունեցել առաջնորդներ և բանախոսներ։ Ցուցարարները կառավարության վարչակազմի շենքը լուսավորել են ուկրաինական դրոշի գույներով, հայտնում է jnews.ge-ն։
***
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Վրաստանի չմիանալու մասին հայտարարության պատճառով։
«Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարություն չեն, ավելի լավն են կառավարությունից»,-գրել է Զելենսկին իր թվիթերյան էջում։