Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

18 մար 2022 16:12

Ուկրաինայից տարհանվող հայերին ՀՀ տեղափոխելու համար պետական աջակցություն չի ցուցաբերվում.Հայաստան են ժամանել Սփյուռքի կառույցների, բարերարների օգնությամբ

Ուկրաինահայերի մեծ մասը Հայաստան են ժամանել Սփյուռքի կառույցների, բարերարների օգնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Փետրվարի 24-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ դիմել է շուրջ 80 ուկրաինահայ՝ ճշտելու՝ Հայաստան վերադառնալու համար արդյոք կա պետական աջակցություն, թե նրանք պետք է Հայաստան ժամանեն ինքնուրույն։ Նրանցից շատերը արդեն իսկ Հայաստան են ժամանել»,- նշել են հանձնակատարի գրասենյակից՝ ավելացնելով, որ պետական միջոցներով ուկրաինահայերի ավիափոխադրում չի կազմակերպվել։ Հայաստան են եկել հիմնականում հայ համայնքային կառույցների, բարերարների աջակցությամբ ու արդեն երրորդ երկրների տարածքով՝ մասնավորապես՝ Վիեննայով, Ֆրանկֆուրտով, Աթենքով և այլն։

Ի դեպ, Ուկրաինայից տեղահանված հայերին Հայաստան տեղափոխելու հարցում աջակցություն ցուցաբերել խոստացել էր Հունգարիան, եւ մի շարք հայեր հատել էին Հունգարիայի սահմանը՝ ակնկալելով, որ հատուկ չվերթով կտեղափոխվեն Հայաստան։ Սակայն հետագայում պարզվել էր, որ թռիչքը պետք է լինի կոմերցիոն, այսինքն՝ Հունգարիայի կառավարությունը հրաժարվել էր հոգալ ծախսերը ու հասկացրել, որ հատուկ թռիչքի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Հունգարիան առաջարկել է կոմերցիոն չվերթ, այլ ոչ թե՝ իրենց հաշվին որպես հումանիտար էվակուացիոն ռեյս։ Այդ ամենն այդպես էլ ավարտվում է, որովհետև Հունգարիայում չկա հայկական հզոր համայնք», - հայտարարել է Ուկրաինայում Հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները եւս չեն հոգացել հումանիտար չվերթի ծախսերը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից դժվարացել են հայտնել, թե կոնկրետ որքան մարդ է Ուկրաինայից ժամանել Հայաստան, սակայն նշել են, որ մեծամասնությամբ ազգությամբ հայեր են, սակայն եղել են նաեւ խառը ազգային կազմով ընտանիքներ։
Թվային տվյալ դժվարացել են տրամադրել նաեւ ՀՀ միգրացիոն ծառայությունից, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են միայն, որ ռազմական գործողությունների մեկնարկից առայսօր Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 8 հայց՝ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։ Թե ապաստանի համար դիմած քաղաքացիներից քանիսն են ազգությամբ հայ, ծառայությունից կրկին դժվարացել են պատասխանել։

ՀՀ իշխանությունները թվային տվյալների չեն տիրապետում, փոխարենը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն է իրազեկել, որ Հայաստանի սահմանը հատել է 4000 ուկրաինացի՝ հիմնականում ազգությամբ հայ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր