Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

25 մար 2022 15:45

Կիրառվել են «Բայրաքթարներ»,խոցել են ՊԲ որոշ դիրքեր,մեր առաջնահերթ հարցերն ուղղված են ռուս գործընկերներին, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր

Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարեց Աղաջանյանը։

Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։

«Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։

Նա նշեց նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։

«Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր