Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել          Տեսանյութ.Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում՝ 15 կանանց մասնակցությամբ       Տեսանյութ.Պայթյուն Պակիստանում, կան տուժածներ    

01 ապր 2022 15:26

Պուտինը կամ վիրահատության է ենթարկվել, կամ շատ լուրջ բուժընթացի .նրան հաճախ է այցելում ուռուցքաբան վիրաբույժ Սելիվանովը. միայն Սոչիում առնվազն 35 անգամ

Վլադիմիր Պուտինին հաճախ է ուռուցքային հիվանդությունների վիրաբուժական մեթոդով բուժման մեջ մասնագիտացած բժիշկ այցելում։ Դա հաստատում է «Պրոյեկտ» պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ նախագահին ուղևորությունների ժամանակ ուղեկցող անձնական բժիշկների ցուցակը։ «ՌԴ ղեկավարի գրեթե մշտական ​​ուղեկիցներից է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի աշխատակից Եվգենի Սելիվանովը»,- ասվում է հետաքննության մեջ։
 
Պնդվում է, որ նրա ատենախոսության թեման եղել է «Վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող տարեց և ծերունական տարիքի հիվանդների ախտորոշման և վիրաբուժական մեթոդով բուժման առանձնահատկությունները», և այս մարդը միայն Սոչիում առնվազն 35 անգամ այցելել է Պուտինին։
Տեքստում ուղղակիորեն չի պնդվում, որ Պուտինը հիվանդ է, և կոնկրետ ախտորոշում չի նշվում։ Առնվազն երկու դեպքում «Պրոյեկտ»-ը կարող է պնդել, որ Պուտինը կամ վիրահատության է ենթարկվել, կամ շատ լուրջ բուժընթացի, ամենայն հավանականությամբ՝ մեջքի հատվածում և դրանք համընկել են հանրային դաշտից ՌԴ նախագահի «անհետացման» հետ, որին ժամանակին ուշադրություն էին դարձրել լրատվամիջոցները, գրում է պարբերականը։
Ինչպես նշվում է հետաքննության մեջ, վերջին տարիներին Պուտինի հետ Սոչիում ավելի հաճախ երեք բժիշկներ
 
են մնում՝ քիթ-կոկորդ-ականջաբաններ Ալեքսեյ Շչեգլովը և Իգոր Եսակովը, ինչպես նաև վերը նշված ուռուցքաբան վիրաբույժ Եվգենի Սելիվանովը։
Ի թիվս այլ բաների, Պուտինի առողջության վերաբերյալ հետաքննության մեջ ասվում է, որ Ալթայ կատարած իր ուղևորությունների ժամանակ նա, իբր, երիտասարդ եղջերուների եղջյուրներից պատրաստված թուրմով լոգանքներ է ընդունում:

Լրագրողները ուշադրություն են դարձրել Պուտինի՝ անցած տարվա սեպտեմբերին հանկարծակի ինքնամեկուսացմանը։ Դրանից հետո նա շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների և իր շրջապատի մարդկանց հետ շփվում էր մեծ հեռավորությունից: Հսկա սեղանի շուրջ անցկացվող այդ հանդիպումները նույնիսկ համացանցային մեմ էին դարձել։ «Սա բոլորովին սխալ տեղեկատվություն է: Այստեղ ոչինչ իրականությանը չի համապատասխանում»,- «Պրոյեկտ»-ին ասել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Վահանաձև գեղձի քաղցկեղը, համեմատած մի շարք այլ ուռուցքաբանական հիվանդությունների հետ, բնութագրվում է հիվանդների համար առավել բարենպաստ կանխատեսմամբ, այն այնքան էլ ագրեսիվ չէ և շատ դեպքերում ենթակա է բուժման:
 
Ներկայում լուծարված Project media ընկերությունը ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունների կողմից «անցանկալի կազմակերպություն» էր ճանաչվել Պուտինի մերձավոր շրջապատի վերաբերյալ մի շարք հետաքննություններ հրապարակելու պատճառով: Այժմ լրագրողները պնդում են, որ «Պրոյեկտը» կապված չէ «անցանկալի կազմակերպությունների հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր