Ուկրաինայում ռուսական կողմի հաղթանակի դեպքում հաջորդ ճակատը բացվելու է Հայաստանում. հնարավոր են լուրջ փոփոխություններ, անգամ՝ իշխանափոխություն
Արևմուտքը և Մեծ Բրիտանիան օգտագործում են Արցախի հարցը՝ իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում մեծացնելու և ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համար, սա է պատճառը, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է այդ հանդիպման ընթացքում քննարկել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։
Քաղտեխնոլոգ Արման Բադալյանի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետից, Ադրբեջանի նախագահից և արևմտյան մի քանի գործիչներից բացի ուրիշ ոչ մեկը չի կարող ասել՝ հանդիպման ժամանակ փաստաթո՞ւղթ կստորագրվի, հռչակագի՞ր կընդունվի, թե՞ գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված արևմտյան կողմի այսպիսի ակտիվացումը մեր տարածաշրջանում քաղտեխնոլոգը նշեց, որ Արևմուտքը օգտագործում է Արցախի հարցը՝ մեր տարածաշրջանում ռուսական կողմի ազդեցությունը թուլացնելու նպատակով.
«Հայաստանի իշխանությունն էլ գտնվում է արևմտյան ուժերի վերահսկողության ներքո, այն առանձին սուբյեկտ չէ, այդ պատճառով էլ չեն կարող մերժել նրանց»,-հավելեց զրուցակիցը:
Հատկանշական է, որ արևմուտքի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս իրականացվող հակառուսական քարոզչության ֆոնին:
Ըստ փորձագետի՝ սա նույնպես տեղավորվում է Արևմուտքի քաղաքականության մեջ՝ թուլացնել Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում, ինչն արվում է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ.
«Սրա նպատակն է թուլացնել նաև ռուս խաղաղապահների վարկանիշը հայ բնակչության մոտ, այս ամենը մեկ ծրագրի մաս է կազմում, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ»,-ասաց Բադալյանը:
Զրուցակիցն արձանագրում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական կողմի հաղթանակի դեպքում հաջորդ ճակատը բացվելու է Հայաստանում, իսկ Հայաստանում հնարավոր է լինեն քաղաքական շատ լուրջ փոփոխություններ՝ մինչև անգամ իշխանափոխություն։ Ավելին՝ ըստ փորձագետի՝ Ադրբեջանը և Արևմուտքը նույնպես հասկանում են , որ եթե այս պահին չօգտվեն «բացված պատուհանից», ապա հետո չեն կարողանալու, քանի որ չի բացառվում, որ Հայաստանում ուրիշ իշխանություն գա.
«Ռուսաստանն իր հաղթանակից հետո ԵԱՏՄ ողջ տարածքում փորձելու է ամբողջովին զրոյացնել Արևմուտքի ազդեցությունը, Հայաստանը ԵԱՏՄ տարածք է , իսկ այստեղ Արևմուտքի ազդեցությունը զրոյացնել նշանակում է պաշտոնից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր սորոսական ցուցակով են նշանակված, հարված հասցնել բոլոր այն լրատվամիջոցներին և ՀԿ-ներին, որոնք ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից»,-նշեց Արմեն Բադալյանը: