Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 ապր 2022 12:20

Խաղաղություն, բայց ինչպիսի՞ն. բրյուսելյան պայմանավորվածությունների մեծ հարցականները

Եկեք անկեղծ լինենք։ «Խաղաղությունն այն է, երբ չեն կրակում և ոչ ոք չի զոհվում, բայց խաղաղությունն արդարացի կարելի է համարել միայն այն դեպքում, եթե այն համապատասխանում է մեր իղձերին»։
Եթե ընդունում ենք ամերիկացի հեղինակներից մեկի այս ձևակերպումը, միանգամից էլ հարց է ծագում՝ իսկ արդյո՞ք մենք ընթանում ենք մի ճանապարհով, որի վերջում հենց այդպիսի արդարացի խաղաղությունն է։ Համաձայնե՛ք՝ այս շաբաթ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը այս կարևորագույն հարցի հստակ պատասխանը չի տալիս։ Դատեք ինքներդ։
Արցախի մասին խոսվե՞լ է, թե՞ չի խոսվել։ Բառացիորեն մեջբերեմ մի հատված կառավարության նիստում վարչապետի ելույթից. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա»։
Հիմա ասեք խնդրեմ՝ «պիտի դառնան» բառակապակցությունը կոնկրետ ի՞նչ է նշանակում։ Եթե սա ուղղակի հայկական կողմի կարծիքն է, որը երբեք էլ հիմք չի եղել ադրբեջանական կողմի համար, ուրեմն դա մնացել է որպես զուտ բարի ցանկություն։ Բոլորովին այլ բան է, եթե Ադրբեջանի ղեկավարը, որը բազմիցս է պնդել, թե Ղարաբաղի հիմնահարց այլևս ընդհանրապես գոյություն չունի, այնուամենայնիվ, համաձայնել է Արցախի խնդիրը քննարկել առաջիկա բանակցությունների ժամանակ։ Սա արդեն կարելի է մեկնաբանել որպես շատ լուրջ առաջընթաց և Բաքվի կոշտ դիրքորոշման փոփոխություն։ Միայն թե, հստակ ասեք ժողովրդին՝ ի՞նչ են նշանակում «պիտի դառնան» բառերը։ Չե՛ն ասում։
Ըստ հրապարակված տեղեկատվության, Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև մի աննախադեպ նախաձեռնություն են համաձայնեցրել։ Մեջբերեմ. «Մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը, էստեղ խնդրում եմ ուշադրություն` օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով»: Կներե՛ք, դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կարելի է համատեղել դելիմիտացիան, որը երկու պետությունների միջև սահմանների ճշտումն է ու քարտեզագրումը՝ երկրի անվտանգության հետ, որն առնվազն Կալաշնիկովի առկայություն է ենթադրում։ Այդ համատեղ հանձնաժողովի մասնագետները ավտոմատներո՞վ են լինելու։
Ի դեպ, մեր կառավարության վերջին նիստում տեղեկացանք, որ Բրյուսելում, մեջբերում եմ` «քննարկում է եղել նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի»։ Այսինքն` ի՞նչ է նշանակում սա՝ Քարագլուխ բարձունքում ադրբեջանցիների գրաված դիրքերը մնալո՞ւ են՝ անկախ սահմանագծման հանձնաժողովի եզրակացությունից։
Եվ վերջապես։ Ոչ մի խոսք այն մասին, որ խաղաղության բանակցություններին, որոնք նախապատրաստելու են երկու երկրների արտգործանախարարությունները, գոնե տեսականորեն կարող է մասնակցել Մինսկի խմբի եռանախագահությունը։ Այդ խմբի մասին արդեն չեն խոսում ոչ միայն Ադրբեջանի ղեկավարները, այլև եվրոպացի պաշտոնյաները, այնինչ, մենք համառորեն փորձում ու փորձում ենք վերակենդանացնել այդ կառույցը։ Ախր շատ դժվար է հրաժարվել այդ «կախարդական փայտիկից», որովհետև երբ քեզ կշտամբում են. «Բա ինչո՞ւ այսինչ հույժ կարևոր հարցը բանակցություններում շրջանցեցիք», միշտ կարող ես արդարանալ. «Այդ հարցի կարգավորմամբ կզբաղվի Մինսկի խումբը»՝ լավ իմանալով, որ մանավանդ Արևմուտքի և Ռուսաստանի խիստ լարված հարաբերությունների պայմաններում այդ խումբը հազիվ թե մոտ ժամանակներս վերսկսի իր աշխատանքը։
Իհարկե, բոլորս հրաշալի հասկանում ենք, որ միանգամայն ճիշտ էր ֆրանսիացի հայտնի պետական և քաղաքական գործիչ Ժորժ Կլեմանսոն, որը դեռ 100 տարի առաջ փաստում էր. «Ավելի հեշտ է պատերազմ, քան խաղաղություն շահելը»։ Բայց մի մտավախություն գոյություն ունի. եթե պատերազմի ժամանակ մեզ համոզում էին՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի, արդյո՞ք հիմա էլ, երբ, Աստված չանի, բավական տարօրինակ, պարտադրված խաղաղություն հաստատվի, չենք լսելու՝ եկեք պայմանավորվենք, որ սա հենց մեր երազած խաղաղությունն է։
Այնուամենայնիվ, Բրյուսելում այս վերջին հանդիպումից առնվազն մեկ ակնկալիք կա։ Եթե հիշում եք, անցած անգամ, երբ Բելգիայի մայրաքաղաքում նույն ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ դեկտեմբերին, դրանից հետո ազատ արձակվեցին 10 հայ գերիներ։ Ապրենք հույսով, որ այս վերջին հանդիպումից հետո էլ նույնը տեղի կունենա։
Արմեն Դուլյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր