Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

18 ապր 2022 17:24

Անդրկովկասում երկրորդ ճակատ կբացե՞ն ՌԴ-ի դեմ ռուսական բանակի ուշադրությունն ու ուժերը «շեղելու» համար

Politexpert.net-ը գրում է, որ ուկրաինական հանրային էջերից մեկում հայտնվել է նախագահի աշխատակազմին հղումով ինսայդերական տեղեկություն այն մասին, որ Վլադիմիր Զելենսկու օգնական Անդրեյ Երմակը ԱՄՆ-ի հետ քննարկել է Անդրկովկասում երկրորդ ճակատի բացման միջոցով ռուսական բանակի ուշադրությունն ու ուժերը «շեղելու» հարցը։ Վրացական բանակն իբր արդեն պատրաստվում է հարձակման։ Բացի այդ, «ակտիվացվել են արևմտամետ ՀԿ-ները, որոնք աշխատում են անհրաժեշտ տեղեկատվական դաշտ ստեղծելու ուղղությամբ»։

Մխացող հակամարտությունը հրահրելու հիմք կարող է լինել օրինակ մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն։ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն արդեն հայտարարել է, որ 2014 թվականին իրենք «բաց թողեցին այդ հնարավորությունը և չեն կարող թույլ տալ, որ դա կրկնվի»։ Կրեմլում էլ նկատել են, որ խոսքը գնում է ժողովրդի ընտրության մասին, որին Ռուսաստանում հարգանքով կվերաբերվեն։

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը PolitExpert-ին տված հարցազրույցում նշել է, որ Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ նրանք չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ, «որովհետև փող են ուզում»։ «Նրանք փող են ուզում` շրջանցելով եվրոպական պատժամիջոցները։ Բայց ես չեմ բացառում, որ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհները կփորձեն ինչ-որ սադրանք կազմակերպել»,- ասել է քաղաքագետը։ Իսկ թե ինչպես կանխել Ռուսաստանի դեմ հնարավոր սադրանքները, դա սահմանապահ ծառայության հարցն է, նշել է Վլադիմիր Նովիկովը։ Միաժամանակ նա չի բացառել, որ բացի Վրաստանի հետ սահմանային միջադեպերը Ադրբեջանը կարող է սադրանք կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։

«Մենք դա հասկանում ենք, տեսնում ենք»,- ասել է քաղաքագետը։ Խոսքը, մասնավորապես, մարտի դեպքերի մասին է, երբ ադրբեջանական բանակը մտել էր ռուսական զորախմբի պատասխանատվության գոտի, գնդակոծվել էր չճանաչված հանրապետության տարածքը, մի քանի մարդ էր զոհվել, ԼՂՀ իշխանությունները ռազմական դրություն էին մտցրել: Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել են Բրյուսել, որտեղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մինչ այդ էլ Ադրբեջանը դժգոհ էր Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտից, իսկ հանդիպումից հետո ամբողջությամբ կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, որը միջնորդական առաքելություն է իրականացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Դե ֆակտո այն կարելի է անվավեր համարել, ասել է Ալիևը։ Այդ կապակցությամբ որոշ փորձագետներ սկսել են խոսել Մոսկվային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից բացառելու Բաքվի փորձերի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր