Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

23 ապր 2022 10:49

Ադրբեջանական հռետորաբանությունը նույնն է, իսկ ահա Թուրքիայինը , փոփոխվել է, բայց դա արևել յան խորամանկության տարր է՝ «այն, ինչի չես կարող հասնել ուժով, հասիր քաղցրախոսությամբ»

Ակնհայտ է, որ փորձ է կատարվում մեր հասարակության գիտակցության մեջ ներդնել թշնամական քարոզի այն տարրը, որը ենթադրում է, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում: Իրականում սա դեպի արցախահայության ցեղասպանություն տանող ուղղակի ճանապարհ է:


«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին, դրանցից բխող սպառնալիքներին: «Դեպի արցախահայության ցեղասպանության ճանապարհ ասելով՝ ես ամենևին խիստ եզրույթ չեմ օգտագործում. սա իրականություն է: Իրավիճակը վերլուծենք այս պահի դրությամբ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած՝ Արցախից բռնազավթված հատվածներում անգամ մեկ հայ չի կարողանում ապրել: Մենք տեսել ենք, թե Հադրութի բռնազավթման ժամանակ իրենց տանը մնացած տարեց մարդիկ ինչպես էին գլխատվել ադրբեջանական բաշիբոզուկների կողմից՝ ահաբեկիչների մեթոդաբանությամբ: Հետևաբար, խոսել այն մասին, թե արցախահայության և Արցախի բնակչության համար, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ներսում հայ ազգաբնակչությունը կկարողանա ապրել կամ շարունակել ապրել, պատրանք է: Դա արցախահայության ոչնչացման ճանապարհ է, որը բնականաբար, բացառապես Ադրբեջանին է ձեռնտու»,-շեշտեց մեր զրուցակիցը:


Վարդան Ոսկանյանի խոսքով, մենք պետք է նաև հասկանանք Ադրբեջան կոչվող այդ արհեստածին կազմավորման և հատկապես ներկայիս Բաքվի բռնապետական վարչախմբի չակերտավոր տրամաբանությունը, որը վերաբերում է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններին. «Որոշակի էյֆորիկ տրամադրություններ ունենալով, հաշվի առնելով 44օրյա պատերազմի հետևանքները՝ իրականում Բաքվի բռնապետը նաև կարծում է, որ հիմա ժամանակն է մեր հայրենիքից՝ Հայաստանից ու Արցախից ստանալ նույնիսկ իր պատկերացրած առավելագույնից ավելին: Խոսքը Արցախի ամբողջական կլանմանն ու Հայաստանի Հանրապետությունից զանազան տարածքային զիջումների կորզման նպատակի մասին է: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր զիջում ստանալուց հետո գալու է հաջորդ պահանջը: Այսինքն, այդ չակերտավոր զիջումները տարածաշրջանում խաղաղության հաստատման չեն բերելու: Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որոնք, ի դեպ, հստակ սահմանվում են Բաքվից: Խոսվում էր նախ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հետո Բաքվի բռնապետը սկսեց խոսել այն մասին, թե Սյունիքը՝ իրենց եզրաբանությամբ «Արևմտյան Զանգեզուրը», ամբողջությամբ իրենց պատմական հայրենիքն է»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ նման հռետորաբանությունն իր բացատրությունն ունի:


«Սա, ըստ էության, պատմական լեգիտիմության ենթաշերտ, հիմք ստեղծելու փորձ է, որպեսզի հետագա արգրեսիվ գործողությունները հենց դրանով բացատրվեն: Այլ խոսքերով ասած, «եթե սա իրենց պատմական հայրենիքն է, ապա իրավունք ունեն վերադառնալու, վերցնելու, գրավելու այդ պատմական հայրենիքը»: Հետևաբար, մենք բավականին վտանգավոր ու բարդ իրավիճակ ունենք, բայց այն անելանելի չէ, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը որոշ դեպքերում գնում է քաղաքական բլեֆի: Պարզ է, չէ՞, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էլ որոշակիորեն վերականգնվելու խնդիր ունի, որովհետև մեր բանակը հուժկու հարվածներ է հասցրել, ու Ադրբեջանը կրել է մեծ կորուստներ: Մենք էլ ենք կորուստներ կրել, բայց Ադրբեջանը ևս անկորուստ դուրս չի եկել պատերազմից: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն «իր տարածքում» ստացել է իր համար անցանկալի օտարերկրյա ներկայություն՝ ի դեմս ռուսական խաղաղապահների:


Ադրբեջանը համարում է, որ Արցախն իբր իր տարածքն է, և, ըստ դրա, ռուսական խաղաղապահներն իրենց տարածքում են: Այստեղ այժմ որոշակի պայքար է սկսվել նաև թուրքական ու իսրայելական ազդեցությունների համատեքստում, որովհետև թուրքական ներկայության աճը բերել է նրան, որ իսրայելական ներկայությունը որոշակիորեն կրճատվել է, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Իսրայելին: Մենք ունենք նաև ահաբեկչական խմբավորումների խնդիր: Միայն Աստծուն է հայտնի, թե այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք Թուրքիայի անմիջական միջամտությամբ բերվել էին Սիրիայի հյուսիսային շրջաններից, մնացել են Ադրբեջանում, թե՞ դուրս են եկել: Ադրբեջանը ունի բավականին լարված հարաբերություններ Իրանի հետ, և այդ իմաստով որևէ խնդիր չի լուծվել: Ու չնայած պաշտոնական հռետորաբանությանը, դրանից այնկողմ բոլոր հարթություններում Ադրբեջանը բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, խախտում նաև Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը, որն իբրև դաշնակցային բնույթ ունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման խնդիրները բազմաթիվ են:


«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:


Իսկ թե ինչպես պատկերացնել վերոնշյալ ելքերը ներկա իշխանության գործողությունների ու մոտեցումների պայմաններում, նա շեշտեց. «Հայտնի ասացվածք կա, որը շատ լավ բնորոշում է իրավիճակը. «Օձի կծածը սև ու սպիտակ պարանից էլ է վախենում»: Հետևաբար, կարծում եմ, որ պատերազմում պարտություն կրած իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել: Ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է արժանավորների իշխանություն: Կրկնեմ՝ անելանելի իրավիճակ չէ, բայց բավականին բարդ է, որտեղ պետական համակարգը, իշխանությունը պետք է օրնիբուն աշխատեն: Իշխանությունը ներկայացնողները իրենց ոլորտներում լավագույնները պետք է լինեն: Միայն այս պարագայում մենք կկարողանանք լուծել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և օգտվել ստեղծված բոլոր հնարավորություններից: Նոր իշխանությունը, բացի արժանավոր լինելուց, պետք է ունենա նաև աշխատելու կամք, գիտելիքներ, հմտություններ, ցանկություն ու տրամադրվածություն, որ երկիրը դուրս գա այս ծանր իրավիճակից»:


Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ մեր տարածաշրջանում խոշորագույն փոփոխությունների ականատեսն ենք, որը կապված է համաշխարհային մակարդակում առկա տեղաշարժերի հետ. «Մենք կանգնած ենք նոր աշխարհի նախաշեմին: Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ, մերձավորարևել յան ու ասիական երկրների վերելքն այդ ամբողջ համատեքստում, աշխարհի բևեռային համակարգի փոփոխություններ: Այս ու շատ այլ գործոններ մարտահրավերների հետ մեկտեղ նաև հնարավորություններ են բերում, որոնց պետք է ուշադիր հետևել ու աշխատել: Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ փորձած թանի պատմությունը չի աշխատելու: Մենք արդեն տեսել ենք, որ ներկա իշխանությունները տապալել են Հայաստանի կառավարման համակարգը ու հասցրել մեզ այս աղետաբեր իրավիճակին»:


Այս համատեքստում անդրադառնալով Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող քննարկումներին, որին մասնակից է նաև իրանագետը, նա ընդգծեց հիմնական շեշտադրումների մասին: «Մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր հասարակության հետ՝ հասանելի դարձնելու մեր ազգին այն խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանում: Այդ խնդիրների մի խոշոր հատված մանիպուլ յացիոն մեխանիզմներով, ըստ էության, մեր հասարակությունից կա՛մ թաքցվում է, կա՛մ նրան մատուցվում բոլորովին այլ լույսի տակ: Պատրանքներ են ստեղծվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը բոլոր խնդիրների լուծման համադարման է: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ սահմանը հայկական կողմից չէ, որ փակվել է: Այն փակել է Թուրքիան: Ակնհայտ է, որ թուրքական և ադրբեջանական պետությունների ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն, հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կամ Ադրբեջանի հետ իբր խաղաղության դարաշրջանի բացումը չի կարող միտված լինել Հայաստանի հզորացմանը: Պատճառը պարզ է՝ այդ երկու պետությունները որևէ պարագայում չեն ուզենա, որ ՀՀ-ն հզորանա: Դա բոլորովին հակառակ գործընթացի է բերելու: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն: Առանց չափազանցության պետք է նշել հետևյալը. այն, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհամարձակվեց ներխուժում իրականացնել Սյունիքի տարածք ու ուժի մեխանիզմներով ձեռք գցել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, մեծ մասով պայմանավորված էր ռուսական ռազմական ներկայությամբ և իրանական զորաշարժերով, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանի սահմանների անմիջական մերձակայքում: Բացի այդ, իրանցիները գրեթե բոլոր մակարդակներում ուղղակիորեն հայտարարեցին իրենց կարմիր գծերի մասին»,շեշտեց իրանագետը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե այս տարածաշրջանում ովքեր են մեր բարեկամները:


«Ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխվել՝ նույն թշնամանքն է: Թուրքիայի պարագայում որոշակի նրբերանգներ, կարծեք թե, փոփոխվել են, բայց դա արևել յան խորամանկության տարր է՝ «այն, ինչի չես կարող հասնել ուժով, հասիր քաղցրախոսությամբ»: Հետևաբար պետք է հասկանանք, որ Հայաստանի զարգացումը, մեր առաջ առկա մարտահրավերների լուծումը, մեր հնարավորությունների օգտագործումը բացառապես մեզանով է պայմանավորված: Այո, ունենք դաշնակից ու բարեկամ երկրներ, բայց մենք ենք, որ պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները: Հիմա մեր հասարակությանը փորձում են մտցնել թմբիրի մեջ՝ ներկայացնելով, թե այս խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, այն խնդիրը՝ որևէ այլ պետություն: Սա իրականության հետ որևէ աղերս չունի: Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների բոլոր խնդիրները պետք է մենք լուծենք: Այլ հարց է, որ այդ ճանապարհին մենք օժանդակության կարիք ունենք մեր դաշնակից ու բարեկամ պետոււթյուններից»,-եզրափակեց Վ. Ոսկանյանը: 






Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր