Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 ապր 2022 16:56

44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով

Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանի միջոցով պատասխանել է 168.am-ի մի քանի հարցի:


– Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած բացթողումներին, նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել, և շեշտել է, որ Դուք եղել եք նախկին կառավարության անդամ: Նման միտք Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր նաև 2021-ի փետրվարին` Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում: Ի դեպ, երբ Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակեցին, Նիկոլ Փաշինյանն այն հիմնավորեց, որ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Ի՞նչ է սա նշանակում`ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հասկացել է, որ սխալվե՞լ է Ձեր հարցում, թե՞ բավարար չափով չի էլ վստահել երբեք:




– Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը:


– Շարունակելով հարցը` գուցե անցումային նախարա՞ր էր պետք Նիկոլ Փաշինյանին:




– Այո, վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան և իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է:


– Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովում հայտարարել էր նաև` «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»: Մինչդեռ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, թե Կառավարությունն ինչի համար է պատասխանատու նման դեպքում: Բացի այս, Անվտանգության խորհուրդն իր պատասխանատվության շրջանակն ունի:




– Նախ նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով ևբաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:


Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների: Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներհենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի:


44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել:


Ամբողջական զորահավաքի համար քանակը երբեք՝ 30 տարվա մեջ, ապահովված չի եղել և չէր էլ կարող լինել՝ պահանջարկի և ֆինանսական միջոցների անհամապատասխանության պայմաններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր