Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 մայիս 2022 12:03

Ի՞նչ է լինելու զոհվածների` մինչև օրս պահվող մասունքների հետ, արդյո՞ք եղբայրական գերեզման է լինելու. պատկան մարմիններն անտեղյակ են

Պատկան մարմինները խուսափում են հայտնել` ինչ է լինելու 44-օրյա պատերազմի շուրջ 100 զոհվածների նույնականացված մասունքների հետ, որոնք հարազատները հրաժարվում են վերցնել։
Sputnik Արմենիան դեռ 2 ամիս առաջ անդրադարձել էր այս խնդրին` հարցումներ ուղարկելով առողջապահության նախարարություն և քննչական կոմիտե։ Առողջապահության նախարարությունն ուղղորդել էր դիմել ՔԿ, քանի որ քրգործ է հարուցված։
Կրկին հարցում ուղարկեցինք ինչպես ՔԿ, այնպես էլ առողջապահության նախարարություն, ինչպես նաև պաշտպանության նախարարություն։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ինչ է նախատեսվում այն պարագայում, երբ ծնողները հրաժարվում են վերցնել ճանաչված մասունքները։ Եթե պետք է դրանք հուղարկավորվեն, ապա ե՞րբ է դա նախատեսվում, ի՞նչ ընթացակարգով (եղբայրական գերեզման պե՞տք է լինի, թե՞ ոչ)։
Այսպես, ապրիլի 4-ին ՔԿ ուղարկված մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սկսելու, դրա ընթացքում վարձկաններ օգտագործելու, արգելված մեթոդներ կիրառելու, քաղաքացիական բնակչությանը թիրախ դարձնելու, միջազգային ահաբեկչության փաստերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը։
«Քրեական գործի շրջանակներում դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված անձանց հարազատներին ներկայացվել են փորձաքննությունների արդյունքները։ Քննիչները զոհված անձանց հարազատների հետ գտնվում են մշտական կապի մեջ, և անհրաժեշտության դեպքում տարվում են համապատասխան աշխատանքներ»,–ասված է մեր հարցմանն ի պատասխան։
Ինչ վերաբերում է հուղարկավորության հարցերին, ապա ՔԿ–ն հայտնել է, որ դա իրենց իրավասության շրջանակներից դուրս է։
Առողջապահության նախարարություն ուղարկված մեր հարցմանն այս անգամ պատասխանել է նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Այստեղից հայտնել են` զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակները և մասունքները պահվում են իրենց մոտ, մինչև հուղարկավորության կազմակերպումը։ Իսկ ե՞րբ պետք է դրանք հուղարկավորեն, արդյո՞ք եղբայրական գերեզման պետք է լինի, թե ոչ` ՊՈԱԿ–ը հայտնել է` դա իր գործառույթներից դուրս է, հետևաբար, որևէ տեղեկատվություն տրամադրել չեն կարող։
Այսպես, եթե քննչական կոմիտեի և առողջապահության նախարարության իրավասության շրջանակներից դուրս է մասունքների ճակատագրի հարցը, ապա գուցե պաշտպանության նախարարությո՞ւնն է հասցեատերը։ ՊՆ–ն ապրիլի 4-ին ուղարկված մեր հարցմանն արձագանքել էր` ասելով, որ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա 30-օրյա ժամկետում է գերատեսչությունը պարտավոր պատասխանել։ ՊՆ–ն, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր հարցմանը` խախտելով նախատեսված ժամկետները։
Թե ի՞նչն է խնդիրը և ո՞ր պատկան մարմինն է 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների հետ կապված հարցերով պատասխանատուն, փաստորեն, պարզ չէ, քանի որ գերատեսչություններից յուրաքանչյուրն ասում է, որ իր իրավասության մեջ չէ այդ հարցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր