Հայաստանն այլևս տիեզերական երկիր է… խայծեցին «սենսացիան» ու սկսեցին տարածել «ցնցող նորությունը»

Իր գրառումը Հակոբ Ճաղարյանը վերնագրել է՝ «ՀԱՅԱՍՏԱՆՆ Ու ՏԻԵԶԵՐՔԸ», նշել, որ փաստերը շատ են, այդ պատճառով էլ գրառումը երկար է ստացվել:
«2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է…
Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան» ու սկսեցին տարածել «ցնցող նորությունը»՝ չմոռանալով նշել, որ այն «…հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի…. լյա-լյա-լյա….. շնորհիվ…»,-գրել է Հակոբ Ճաղարյանը:
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի կարծիքով, սակայն, իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում:
«Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969թ. ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ: Արբանյակը աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր: Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈւՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ»,-նշել է նա:
Վերադառնալով մեր ժամանակներին՝ Հակոբ Ճաղարյանը հավելել է, որ 2012թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում «Ռոսկոսմոսի» հետ:
«2013թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է «ArmCosmos» ծրագիրը:
2013թ.-ից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է:
2013թ.-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի:
2013թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ:
2013 թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հայտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը:
2013թ. ի դեմս դեսպան Ռայներ Մորելի՝ Գերմանիան պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում:
2014թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել «ArmSat» ծրագրին:
ՀՀ կառավարության և չինական «Great Wall» (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:
Արդյունքում` Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետներին:
2017թ. Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:
Համաձայնագիրը, ներառյալ նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ, ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում»,-մանրամասներն է ներկայացրել Հակոբ Ճաղարյանը:
Վերջում նա տեղեկացրել է՝ Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M (1 մլն ԱՄՆ դոլար):
Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական Urdaneta արբանյակի հետ համատեղ: Էդպես էլ կոչվում է`Urdaneta-Armsat1:
«Ինչքա՞ն խելք էր պետք, որ էս փոքրիկ, կես միլիոն դոլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում դեռ չկա, և կգործարկվի 2023 թ. ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում, իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար: Ու էս կիսախելագարն ինձ ու իմ ազգը ներկայացնում է աշխարհում»,-եզրափակել էր Հակոբ Ճաղարյանը: